12:38 , 30 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
«Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե 2018թ-ը ցանկալի կամ երազելի ժամկե՞տ է, որպեսզի ծրագրային բյուջետավորման ներդրումը լինի 100%-ով, թե իրական է:
«Կհասցնե՞նք թվարկած այդ բարդություններից ելնելով, քանի որ որակական ցուցանիշերի պատրաստումը, կամ մշակումը ներդրված չէ»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը բացի այդ նշեց, որ համաձայն չէ Պավել Սաֆարյանի հայտնած մտահոգության հետ, թե ծրագրային բյուջետավորումը թուլացնելու է տնտեսական դասակարգման վերահսկողությունը:
«Ինձ թվում է որակական ցուցանիշներ կունենանք, այսինքն, օրինակ, եթե 100 հազար դրամ է տրամադրվել զանգերի համար, այս պարագայում հակառակը, իմանալու ենք, թե տրամադրե՞լ ենք և որակական առումով ինչպե՞ս է այն նպաստել, վերահսկողության խնդիրը բարձրանալու է»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, թե նայած ինչ աչքերով ենք նայում: «Ինչ աչքով, որ Դուք ներկայացրեցիք, կուզեմ, որ այդպես ընկալվի բոլորի մոտ»,- ասաց նա և նշեց, թե չի բացառվում, որ ինչ-որ մեկն ասի, թե «առաջ դե լավ էր էլի, ցույց էինք տալի թե հեռախոսին ինչքան փող տվեցինք»։
18թ-ի հետ կապված հարցին փոխնախարարը պատասխանեց, թե եթե այն աշխատանքային ծրագիրը, որը մշակելու են, դա կլինի այն փաստաթուղթը իրավական տեսակետից, որն էլ կպատասխանի հարցին, կա՞ն ռիսկեր, թե ոչ: «Այսօրվա տեսանկյունից մեր ծրագրերով, հնարավորություններով, կարողությունների հետ կապված, իհարկե, կան խնդիրներ, բայց վստահ ենք, որ եթե ունենանք այս ռազմավարությունը, կլինի համընդհանուր ընկալում»,-ասաց նա: