Թուրքական երկու պարբերականի տպագրությունը կանգնեցվել է


05:49 , 30 հոկտեմբեր, 2015

168.am–ը գրում է.

Թուրքիայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ երկրում բռնությունները ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ սաստկացել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոխերիմ թշնամին դարձած Ֆեթուլլահ Գյուլենի հետ սերտ կապեր ունեցող «Քոզա Իփեք» մեդիահոլդինգի մաս կազմող «Բուգյուն» և «Միլլեթ» պարբերականների հրատարակումը կանգնեցվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին հայտնել է «Բուգյուն» պարբերականի գլխավոր խմբագիր Էրհան Բաշյուրթը:

Նա տեղեկացրել է, որ նախորդ օրը 17:00-ին թերթն ուղարկել են տպագրության, սակայն տպագրատուն ուղարկված մեկ այլ գրության պատճառով այն լույս չի տեսել: Պարբերականների աշխատակիցները սոցիալական ցանցների միջոցով իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի առնչությամբ: Նրանք նաև հրապարկել են լույս տեսնել պատրաստվող թերթերի շապիկները:

Նախօրեին թուրքական ոստիկանությունը ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ կիրառելով ներխուժել էր «Քոզա Իփեք» մեդիահոլդինգին պատկանող գրասենյակ: Այդ կերպ ոստիկանները փորձել էին ի կատար ածել դատարանի որոշումը եւ հոլդինգի կազմում գտնվող Kanaltürk և Bugün հեռուստաընկերությունների կառավարումը հանձնել նորանշանակ ղեկավարությանը, որի օրինականությունը նախկինները վիճարկում են։