Արցախը ՄԽ համանախագահների մոտ բարձրացրել է կողմերի միջև հավասարության նշան չդնելու խնդիրը. Դավիթ Բաբայան


14:36 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում  անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների այցին Արցախ, հայտնեց, որ համանախագահների հետ քննարկել են տարբեր հարցեր, սակայն հիմնական շեշտը դրվել է ներկա իրավիճակի վրա, որը տիրում է սահմանների երկայնքով:

«Սա երևի ամենակարևոր խնդիրն է և ամենառեալն է, իսկ մնացած բոլոր խնդիրները հեռավոր ապագայի հարց են: Հիմնականում շեշտը դրվել է, թե ինչ մեխանիզմներ կարելի է մշակել և ներդնել, որպեսզի և՛ խախտումներն ավելի էֆեկտիվորեն արձանագրվեն, և՛ ինչ-որ ձևով պատասխանատվության մեխանիզմներ կիրառվեն: Այսինքն՝ այն կողմը, որ ինքն է մեղավոր, այս կամ այն խախտումների մեջ, պետք է կրի համապատասխան պատիժ, կամ գոնե դրա մասին  ինչ-որ ձև արձանագրվի, և ոչ թե ուղղակի հավասարության նշան դրվի և ասվի՝ երկու կողմն էլ կրակում են և խախտում են զինադադարը»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ հայկական կողմը ցանկանում է,  որպեսզի ավելի հասցեական լինեն հայտարարությունները, որովհետև դրա մեջ տեսնում ենք կարևոր գործոն՝ խաղաղություն և կայունություն պահպանելու  հարցում:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանն է մերժում ցանկացած նման առաջարկ: Օրինակ՝ մենք առաջարկել ենք, որ դիպուկահարները պետք է հետ քաշվեն, չի ընդունվել, մենք առաջարկել ենք, որպեսզի լինեն հանգստի օրեր ու տոնական, կրոնական, ազգային, միջազգային տոների ժամանակ կրակոցներ չլինեն, մերժել են, իսկ հիմա էլ սկսել են կիրառել ծանր տեխնիկա»,-ասաց նա:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ համանախագահներն այս իրավիճակը շատ լավ են պատկերացնում, պարզապես  դեռևս փորձում են հասցեական չլինել: «Կարծում եմ, որ այս մոտեցումը սպառում է»,- ասաց նա և նշեց, որ  մյուս կողմից էլ քանի չկան այդ մեխանիզմները, համանախագահները երևի ցանկանում են, որ ամեն ինչ մշակվի:

Հարցին, թե ինչ արձագանք են տվել համանախագահները՝ հասցեական լինելու առաջարկին, ասաց, որ շատ դրական, սակայն գործնականում այդ ցանկությունը շատ դժվար է իրականացնել, առավել ևս, որ հակառակ կողմը, ըստ ամենայնի, խոչընդոտում է ցանկացած մոտեցում, ավելին՝ տապալում է առաջարկները:

«Որևէ ողջամիտ, նորմալ մարդ չի կարող նման գաղափարից հրաժարվել և չընդունել, նրանք նորմալ են ընդունում, մնում է տեսնենք ինչպես է այդ գաղափարն իրականացվելու»,- ասաց նա: