14:16 , 29 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
ՀԱԿ խմբակցության անդամը Արամ Մանուկյանը ուսումնասիրել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների հրապարակված ցուցակները և պարզել, որ միևնույն անուն-ազգանունով անձանց թիվը մի համայնքում մեծ քանակ է կազմում:
«Ուսումնասիրել ենք Արաբկիրն ու Շենգավիթը և երկու տեղերում էլ 3000-ով ավելացել են ցուցակները, սա աննախադեպ է: Անունների հետ կապված ուսումնասիրել ենք նույն անուն-ազգանուններով մարդկանց քանակը և Հովհաննիսյան Գայանե 38 անգամ կրկնվում է, Հարությունյան Անահիտ` 37 անգամ, Գրիգորյան Արմեն` 36 անգամ: Սա ընդամենը մի ընտրատարածքում: Եզրակացություն` անունների ու ազգանունների կրկնությունը երկու և ավելի անգամ կազմում է ընտրացուցակների 20 տոկոսը: Այսինքն` մենք խնդիր ունենք` բլոկ դնել, որ նույն անուն-ազգանունով մարդը երկրորդ անգամ չքվեարկի», -այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի ու Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ուսումնասիրության արդյունքում պարզել են «զավեշտալի բան». «Լոռվա մարզի բնակչության 101 տոկոսը ընտրական ցուցակներում է, լա՞վ է: Վանաձորում` 113 տոկոսը: Ի՞նչն է խնդիրը: Անընդհատ ասում ենք` Հայաստանը ունիկալ է իր արտագաղթի առումով և ունիկալ է իր ընտրացուցակների աճելու առումով: Տարեկան պաշտոնական տվյալներով 50-60 հազար մարդ արտագաղթում է ու այդքանով էլ ընտրացուցակներում մարդիկ ավելանում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ