10:00 , 29 հոկտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
«Երիտասարդական» մետրոյի հարակից գետնանցումում օրերս յուրօրինակ մթնոլորտ էր տիրում: Ուսանողական լսարան հիշեցնող սրահում հավաքվել էին ռեփի, հատկապես՝ ռեփեր Միշոյի երկրպագուները: Այդ օրը նա հավաքվածներին ներկայացրեց իր՝ թվով, ինչպես անձամբ նշեց, 6-րդ թե 7-րդ՝ «Բծախնդիր» անունը կրող ալբոմը: Ինչպես նաև երգեց, լուսանկարվեց և ստորագրություններ բաժանեց իր երկրպագուներին: Մի խոսքով, արեց այն, ինչ սովորաբար անում են բոլոր երգիչներն իրենց ձայնասկավառակների շնորհանդեսների օրը: Մենք այդ ընթացքում զրուցեցինք ռեփերի հետ:
– Միշո, այնուամենայնիվ թվով որերո՞րդ ալբոմն է սա:
– «Բծախնդիրն» իմ անհատական՝ թվով 5-րդ ալբոմն է, բայց այս ընթացքում ես ձայնագրել եմ ևս երկու համատեղ ալբոմ, որոնցից մեկը՝ «Վիտամին ակումբի» Գարիկի հետ, մյուսը`«Մի քանի հոգի» նախագծի շրջանակներում:

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց՝ այս ձայնասկավառակն ավարտին հասցնելու համար:
– Շատ կարճ ժամանակում ավարտեցի այն: Երևի մի ամիս էլ չի տևել: Առհասարակ միշտ թիմային եմ աշխատել, և այս ձայնասկավառակն էլ բացառություն չէր: Ես ունեմ իմ մշտական թիմը, որի հետ շատ հեշտ է աշխատել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Ձայնասկավառակը պարունակում է 14 նոր երգ, բացի այդ, կցել եմ նաև 4 բոնուս երգեր, որոնք ճանաչված և լսված էին հանրության կողմից, բայց մինչ օրս ներգրավված չէին որևէ ալբոմում:
– Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար աչքի սիմվոլը, որն ընտրվել է՝ իբրև ձայնասկավառակի շապիկի նկար:
– Գաղափարը լուսանկարիչ Վահան Ստեփանյանին է, ում հետ բազմիցս եմ աշխատել: Լուսանկարում իմ աչքն է`շատ մոտիկից նկարված: Բնականաբար, այն նաև իմաստային առումով է «իմ աչքը», քանի որ այն ամենը, ինչի մասին երգում եմ, իմ աշխարհայացքն է, իմ աշխարհընկալումը:

– CD-ի շապիկին գրված է՝ «պարունակում է քֆուր»: Պարտադի՞ր պայման էր քֆուրի պարունակությունը:
– CD-ն երկու տարբերակով է թողարկվել` հայհոյանքով և առանց այդ հայհոյանքների: Քանի որ CD ինդուստրիան վաղուց արդեն վերացող երևույթ է դարձել, մենք այն թողարկել ենք սիմվոլիկ՝ ընդամենը 400 օրինակով: Հասկանալի է, որ մարդիկ վաղուց արդեն իներնետի օգնությամբ են գտնում և լսում իրենց ուզած երգը: Չնայած՝ ես սիրում եմ CD-ի գաղափարը: Նույնիսկ միտք ունեինք հին պլաստինկաների վրա թողարկելու:

– Նշեցիք, որ սիմվոլիկ թվաքանակով եք թողարկել: Ակնկալո՞ւմ եք որևէ ֆինանսական շահույթ այդ սիմվոլիկ 400 օրինակի վաճառքից:
– Ընդհանրապես չեմ սպասում որևէ շահույթ: Մենք նույնիսկ միտք ունեինք անվճար բաժանելու այս ձայնասկավառակները:
– Իսկ ինչո՞ւ մտափոխվեցիք:
– Որովհետև կարող էր բոլորին չհերիքել: Անվճար ասվածի դեպքում, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ գալիս և միանգամից մի քանի հատ են վերցնում: Իսկ այսպես ձեռք է բերում նա, ով իսկապես ուզում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ