05:12 , 29 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Կանադայում գտնվող «Մղձավանջների գործարան» կոչվող հաստատության աշխատակազմը թաքնված տեսախցիկների միջոցով նկարահանել է «ուրվականներով տան» այցելուների սարսափած և ծիծաղելի արձագանքները, գրում է The Daily Mail-ը:
Այս ընկերության հրապարակած նոր լուսանկարների շարքը ցույց է տալիս տղամարդկանց, որոնք թաքնվում են իրենց ընկերուհիների հետևում, ընկերների խմբեր, որոնք իրար են սեղմվում, մարդկանց, որոնք ձեռքերով փորձում են ծածկել դեմքն ամբողջովին մութ տան միջով քայլելիս։
Տունը, որը կառուցվել է դագաղների նախկին գործարանի տեղում, դերասաններ, լույսեր և սարսափելի ձայներ է օգտագործում այցելուներին վախեցնելու համար։
Երբեմն, երբ այցելուները բավականաչափ վախեցած չեն լինում, դերասանները նաև ֆիզիկական կոնտակտի մեջ են մտնում այցելուների հետ։
Եթե փորձառությունը չափազանց շատ է լինում, և այցելուները չեն դիմանում, նրանք կարող են օգտագործել «մղձավանջ» բառը, և անձնակազմը նրանց դուրս է ուղեկցում տնից։
Այնուամենայնիվ, եթե նրանք դուրս են գալիս մինչև 15 րոպե տևողությամբ արկածի ավարտը, նրանց անունը գրվում է հանրային «հավերի ցանկում», որն այժմ հազարավոր անուններ է ընդգրկում:
«Մղձավանջների գործարանն» աշխատում է մոտ 30 տարի և Հյուսիսային Ամերիկայի ամենահին «ուրվականներով տունն է»։
Վերջերս այս բիզնեսը բում է գրանցել այն բանից հետո, երբ սկսել է սարսափած այցելուների լուսանկարները տեղադրել սոցիալական ցանցերում։












