03:14 , 29 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Էտուշը ստիպված է ապրել մոսկովյան կլինիկաներից մեկի սրտաբանական բաժանմունքի հիվանդասենյակում, քանի որ չի կարող վերադառնալ իր բնակարան:
Ինչպես նշում է lifenews.ru-ն, 93-ամյա տղամարդու բնակարանը պարզապես պիտանի չէ ապրելու համար, քանի որ այն լցված է շինարարական աղբով, իսկ պատերն էլ քանդված են:
Աղբյուրը մանրամասնում է, որ խորհրդային կինեմատոգրաֆի աստղն ու իր ընտանիքը դարձել են հայազգի բանվոր Արայիկ Մխիթարյանի խարդախության զոհը։ Հայտնի է, որ Էտուշի կինն անձամբ է վերանորոգման համար վարձված բանվորին որպես նախավճար փոխանցել 400.000 ռուբլի, սակայն տվյալ գումարը ստանալուց հետո տղամարդն անհետացել է:
Էտուշի կինը պատմել է, որ իրենցից մի ամբողջ տարի է պահանջվել վերանորոգման գումարը հավաքելու համար: Կնոջ խոսքով՝ իրենք մաս առ մաս են փոխանցել գումարը Մխիթարյանին, որպեսզի վերջինս գնի վերանորգման համար բոլոր անհրաժեշտ նյութերը:
Սակայն Էտուշի հիվանդության պատճառով նրա ընտանիքի անդամները հնարավորություն չեն ունեցել վերահսկելու բանվորի ամեն մի քայլը: Հետագայում պարզվել է, որ խաբեբան ամիսներ շարունակ զբաղվել է խարդախությամբ և ամենևին էլ չի զբաղվել վերանորոգմամբ։
