18:18 , 28 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը բարձրացրեց քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի, ինչպես նաեւ ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրը: Ավետիսյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այցելել են քրեակատարողական հիմնարկներ, խոսել ազատազրկվածների, ինչպես նաեւ վերջիններիս հարազատների հետ: Ապա պատգամավորը հարցրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վերջիններիս պայմանները բարելավվեն:
Պատասխանելով հարցին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե ցմահ ազատազրկվածների թեման հասարակության ամենախոցելի թեմաներից է: «Սա երկսայր սրի է նման: Իրականում ցմահ ազատազրկվածներից շատերը օրինական դատավճռով դատապարտված են ծանր հանցագործություն կատարելու փաստով: Ես, որպես արդարադատության նախարար, կարծում եմ գնահատական տալը իրավաչափ չէ, ինչ վերաբերում է պայմաններին,ապա պետք է ասեմ, որ ՔԿ-ի հետ կապված որոշակի չափանիշներ կան»,- ասաց նախարարը, հավելելով, որ պայմանների բարելավման համար որոշակի քայլեր են ձեռնարկում:
Արփինե Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ չցանկացավ անդրադառնալ Նուբարաշեն ՔԿ-ում տեղի ունեցած դեպքին, հայտարարելով, որ ընթանում է ծառայողական քննություն, որի ավարտից հետո նոր ինքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: