22:32 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եվրամիության հանձնաժողովը թեև մանդատ է ստացել, որպեսզի սկսի բանակցությունները Հայաստանի հետ, սակայն կոնկրետ և արագ արդյունքների միամտություն կլինի սպասել. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:
Tert.am-ի հետ զրույցում Բորիս Նավասարդյանը նշեց, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջնական իրավական տեսք չեն ստանա, մինչև Ռուսաստանը չկողմնորոշվի, թե ինքը ինչ հարաբերություններ է ունենում ԵՄ-ի հետ:
«Բանակցությունները կարող են լայն սպեկտոր ներառել, այսինքն՝ այն բոլոր հարցերը, որոնք հակասության մեջ չեն մտնելու հայաստանյան պարտավորությունների հետ՝ կապված առաջին հերթին Եվրասիական միության հետ, կարող են սեղանին լինել, բայց չեմ կարծում, որ գործընթացը շատ արագ կընթանա և ամեն դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջնական իրավաբանական տեսք չեն ստանա, մինչև Ռուսաստանը չկողմնորոշվի, թե ինքը ինչ հարաբերություններ է ունենում ԵՄ-ի հետ: Բնականաբար, առանց Ռուսաստանի «դաբրոյի», որևէ լուրջ առաջընթաց ես չեմ կանխատեսում ԵՄ-ի հետ հարաբերություններում»,- ասաց նա՝ շեշտելով, մանավանդ նախորդ բանակցությունների փորձն ունենալով:
«Դա կարող է մի քանի տարի տևել և միայն այն ժամանակ ինչ-որ հանգրվանի հասնել, երբ ընդհանրապես այդ տարածաշրջանում ՌԴ-ԵՄ հարաբերությունները դրական տեսք կստանան: Առայժմ այդպիսի հեռանկար չի երևում»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանը շեշտեց՝ հիմնական խնդիրը ոչ թե հակասության մեջ մտնելն է մեր այլ պարտավորությունների հետ, այլ ընդհանուր քաղաքական մթնոլորտն է, աշխարհաքաղաքական իրավիճակը, որն այսօր չի նպաստում Հայաստանի համար ինտեգրացիոն գործընթացների եվրոպական ուղղությանը:
«Ես չէի ասի, թե հոռետեսական վերաբերմունք ունեմ, ուղղակի չեմ ցանկանում, որ մենք ավելի մեծ ակնկալիքներ ունենանք, քան հնարավոր է: Ինչքանով իրատեսական լինենք, այդքանով կառուցողական կլինեն մեր արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները գործընկեր պետությունների հետ»,-ասաց նա:
ԱԼԳ Հայաստանի ազգային համակարգողն այդուհանդերձ նշեց, որ բանակցություններ սկսելն էլ լավ մտադրությունների դրսևորում է: «Գոնե մենք երկխոսության մեջ ենք գտնվում և ապագայի համար ինչ-որ հիմքեր ենք կառուցում, բայց կոնկրետ և արագ արդյունքների սպասելը միամտություն կլիներ այն իրավիճակում, որը ձևավորվել է 2013թ-ից հետո»,-ասաց նա:
Թե ինչո՞ւ է ԵՄ-ն շարունակում համառորեն չհրաժարվել ՀՀ-ԵՄ հնարավոր համաձայնագրից, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, թե որևէ բանակցություն երբեք վերջնական երաշխիք չէ, որ տվյալ փաստաթուղթը կստորագրվի. «Բայց ԵՄ-ն մնում է հավատարիմ իր քաղաքականությանը, այն խորությամբ հարաբերությունների, որին պատրաստ կլինի ՀՀ-ն, ԵՄ-ն նույնպես պատրաստ է գնալ այդ կարգի և այդ խորության հարաբերությունների»:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, երբ քննարկվում են հարաբերությունների խորացումը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Իրանի, նույնիսկ Չինաստանի հետ՝ ԵՏՄ-ի շրջանակներում Մետաքսի ճանապարհի նախագծի հարցում, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Հայաստանում ցանկացած մտածող մարդ լինի ընդդիմության մեջ, թե իշխանության՝ հասկանում է, որ Հայաստանի շահը բխում է հնարավորինս բազմազան հարաբերություններ ձևավորենք տարբեր երկրների հետ, և ձերբազատվեն այն կաշկանդող հանգամանքներից, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ բազմավեկտոր քաղաքականություն իրականացնել»:
Ըստ նրա՝ հստակ է ՀՀ-ի կախվածությունը տարբեր ուղղություններով ՌԴ-ից: «ՌԴ-ի քաղաքականությունն էլ այսօր հասկանում ենք՝ պայմանավորված է նրանով, որ այն երկրները, որոնք իր ազդեցության գոտում են՝ հետ պահել այլ գործընկեր փնտրելուց և հարաբերությունները խորացնելուց: Նպատակը պարզ է՝ հնարավորինս ավելի մեծ կախվածության մեջ պահել այն երկրներին, որոնք մտնում են ԵՏՄ կամ այլ կերպ այլ լծակներով կախված են ՌԴ-ից: Այս հանգամանքները պետք է հաշվի առնել ու Հայաստանի շահերը հնարավորինս զարգացնել տարբեր ուղղություններով և ՌԴ կախվածությունից: Այս երկու գործոններից է կախված այն փաստաթուղթը, որը կլինի բանակցային սեղանին»,-ասաց նա: