22:12 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան, որի շրջանակում այսօր ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում տված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ առաջին ու ամենակարևոր հարցը, որով իրենք զբաղվելու են Երևանում և Բաքվում, հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների և լարվածության աճն է: Նա ցավով նշել է, որ երկու կողմերն էլ ծանր զինատեսակներ են կիրառում:
Ջեյմս Ուորլիքը հայտարարել է նաև, որ պետք է ԼՂ հակամարտող կողմերը քննարկեն ամենադժվար հարցերը, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները իրենց վերջին հանդիպման ընթացքում համաձայնել են, որպեսզի բանակցություններն ընթանան ինտենսիվ ռեժիմով: Այս հայտարարությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցեց քաղաքագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
-ԵԱՀԿ ՄԽ-ը ի՞նչ հնարավորություններ ունի թուլացնելու սահմանային լարվածությունը, հատկապես այն դեպքում, երբ իրենց այցի շրջանակում սովորաբար լարվածությունը մեծանում է:
-Ճակատային գծում իրավիճակի պարբերական սրացումներն ադրբեջանական կողմի վարած քաղաքականության անքակտելի մասն են կազմում: Ընդունելով «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցային հիմք և այդ համատեքստում անուղղակիորեն իրեն ագրեսոր ճանաչելով՝ Հայաստանն ինքն է պաշտոնական Բաքվին՝ միջնորդներին ու հայկական կողմերին պատերազմի վերսկսման վտանգով շանտաժելու հնարավորությունը տվել: Եթե Երևանում ու Ստեփանակերտում համապատասխան օղակներն իրենց քաղաքական մոտեցումները սկզբունքորեն վերանայելու ու վերաձևակերպելու ունակությունն և կամքը չդրսևորեն, ապա իրավիճակը կմնա նույնը՝ միջադեպերը կշարունակվեն, կավելանա դրանց քանակն ու կիրառվող զինատեսակների հզորությունը: Որպես հետևանք՝ կարող է աճել նաև երկուստեք զոհերի թիվը: Այս ընթացքն անհանդուրժելի է հատկապես այն պատճառով, որ կարող է կանխարգելվել քաղաքական, դիվանագիտական միջոցների կիրառման շնորհիվ, բայց դրա համար հենց Հայաստանը պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա:
-Կրկին անհասցե հայտարարությունները կարո՞ղ են մեղմել իրավիճակը և ինչ-որ արդյունք տալ:
-Թեև շարքային քաղաքացիներն ու անմիջականորեն բանակցային գործընթացին չմասնակցող մասնագետները հստակ չգիտեն, թե համանախագահների կոչերն ում են հասցեագրված, կհամարձակվեմ ասել, որ այդ կոչերը միանգամայն կոնկրետ և իրական հասցեատերեր ունեն, որոնք գտնվում են ոչ միայն Երևանում, Ստեփանակերտում կամ Բաքվում:
-Ըստ Ձեզ, մասնավորապես ո՞ր հարցերը նկատի ունի Ուորլիքը՝ ասելով կողմերը պետք է բանակցեն դժվար հարցերի շուրջ:
-Կարծում եմ, որ նկատի ուներ Արցախի՝ միջազգայնորեն ճանաչված ապագա կարգավիճակի, հակամարտ կողմերի սահմանազատման ու տարածքների հանդեպ վերահսկողության իրականացման սկզբունքների և փախստականների հիմնախնդիրները:
-ՄԽ ամերիկացի համանախագահը հռետորական հարց է ուղղել՝ ասելով, թե ինչու կողմերը չեն ընդունում շվեյցարական առաջարկը և չեն անցնում համակարգային բանակցությունների: Ի՞նչ նկատի ունի Ուորլիքը, ի՞նչ է սա իրենից ենթադրում, և Ձեր կարծիքով ինչու՞ կողմերը չեն անցնում նշված համակարգային բանակցությունների:
-Դա, ինքնին, հետաքրքրական հարցադրում է: Փաստորեն կողմերին Շվեյցարիայի իշխանությունները ժամանակին առաջարկ են արել առնվազն երկկողմ՝ ՀՀ-ԱՀ փորձագիտական պատվիրակությունների ձևաչափով բանակցային մշտական հարթակ կազմակերպել, սակայն այդ նախաձեռնությունը մերժվել է: Այսինքն՝ կողմերին առաջարկվել է առանց միջնորդների ուղիղ շփումներ սկսել, սակայն կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը, կամ էլ երկուսը միասին չեն ցանկացել գործնական ընթացք տալ այս մոտեցմանը:
Դրանից հետևում է, որ ինչ-ինչ պատճառներով, կողմերից առնվազն մեկը չի ցանկանում խաղաղության հասնել ուղիղ ու անմիջնորդ բանակցությունների միջոցով և աչքի տակ ունի մեկ այլ՝ հարմար կամ ինչ-որ մեկի կողմից իրեն պարտադրված տարբերակ: Այս վարկածին չի հակասի նաև այն ենթադրությունը, ըստ որի ԵԱՀԿ ՄԽ անդամ-միջնորդներից մեկը դեմ է հարցի լուծումը ՀՀ և ԱՀ իշխանությունների հայեցողությանը թողնելու հեռանկարին, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում ունի հստակ արտահայտված սեփական շահերը ու չի ցանկանում, որ միջնորդների դերը նվազի և դրան հակառակ՝ ստեղծվի մի բանակցային առանձին հարթակ, որն իր անմիջական վերահսկողությունից դուրս կգտնվի:
-Պարո՛ն Մելիքյան, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ փորձելու են ՀՀ-ում կայանալիք հանրաքվեից հետո կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում: Հեռանկարում նման հնարավորություն տեսնու՞մ եք, և ի՞նչ կտա հանդիպումը, եթե տեղի ունենա:
-Այդպիսի հեռանկար, անշուշտ, գոյություն ունի, սակայն շատ բան կախված կլինի հանրաքվեի պաշտոնապես հայտարարված արդյունքից: Բանն այն է, որ, եթե Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա Ալիև-Սարգսյան հանդիպման իմաստն ադրբեջանական կողմի համար կարող է էապես արժեզրկվել, քանի որ այդ պարագայում, առնվազն երեք-չորս տարվա հեռանկարում, անհասկանալի է լինելու, թե մեր երկրում ով և ինչ համար է իրապես պատասխանատու: