Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Է. Նալբանդյան


17:16 , 26 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։