16:31 , 26 հոկտեմբեր, 2015
Գլխատված կամ գնված ընդդիմադիր քաղաքական էլիտա, ապաքաղաքական տրամադրություններ, հուսալքված հասարակություն, ֆինանսական ռեսուրսների և մեդիա դաշտի գրեթե լիակատար վերահսկողություն. սրանք այն հիմնական գործոններն են, որոնց ապավինելով՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել: Ցանկացած սահմանադրական փաստաթուղթ որևէ իմաստ չունի, եթե վերջինս չունի կիրառություն:
Արդյո՞ք ներկայիս սահմանադրությունը կիրառում գտել է իր բոլոր պայմաններով հանդերձ, որ այժմ նոր սահմանադրության անհրաժեշտություն է առաջացել:
Ներկայիս սահմանադրության Հոդված 1-ում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։
Վերը նշված կետերից որևէ մեկը չի իրականացվել: Ի՞նչը թույլ չտվեց իշխող ռեժիմներին իրականացնել դրանք:
Ինչ վերաբերում է Հայայաստան-Սփյուռք հարաբերություններին, գործող և առաջարկվող սահմանադրության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի հետ վարում է համակողմանի կապերի զարգացման և ամրապնդման հայապահպան քաղաքականություն»։
Ինչպիսի՞ հարաբերություններ են իրականում եղել Հայաստանի և Սփյուռքի միջև բոլոր բնագավառներում, և որո՞նք են արդյունքները: Իրականում տկար հարաբերություններ, որն արդյունք դարձավ Սփյուռքի Հայաստանից օտարման և Հայաստանից շարունակական արտագաղթի: Որքանո՞վ են օգտագործված Սփյուռքի տնտեսական, մասնագիտական, գիտական, մտավոր և մարդկային ներուժն ու ռեսուրսները:
Եվ այսպես, ի՞նչ արժեք ունի որևէ սահմանադրություն կամ համաձայնագիր, եթե այն չի իրականացվելու...