15:28 , 26 հոկտեմբեր, 2015
Ֆուտբոլային մտածողության ճգնաժամի մասին ես անդրադարձել էի դեռևս 2 տարի առաջ՝ հետևյալ վերնագրով՝ «Ֆուտբոլային մտածողության ճգնաժամը», երբ մեր թիմը հույսեր էր ներշնչում դուրս գալ աշխարհի առաջնությանը Բրազիլիայում մասնակցելու համար, սակայն հերթական անգամ ակնկալիքները չարդարացան, և մասնակցությունը ձախողվեց: Այսօր ես ուզում եմ խոսել բուն ֆուտբոլային մտածողության հոգեբանության մասին, ինչ է դա իրենից ներկայացնում: Նախ, մտածողությունը՝ որպես հոգեկանի իմացական միջնորդավորված և վերացական գործընթաց, ամենուրեք ուղեկցում է մեզ թե՛ կյանքում խնդիրներ լուծելիս, մասնագիտական գործունեության մեջ, որոշումներ կայացնելիս, կենցաղային հարցեր լուծելիս, ինչու չէ նաև անձնական, ճակատագրական խնդիրների հորձանուտում գտնվելու և այլն: Մտածել նշանակում է ոչ թե երևույթը նկարագրել, առաջնորդվել կարծրատիպերով և ստանդարտ դատողություններով, թեև դրանք շատ կարևոր են, սակայն գտնվում են շատ ավելի ստորին, նկարագրական փուլում: Մտածել նշանակում է նախևառաջ հարցադրում անել, որը բխեցվում է տվյալ պայմանից, իրադրությունից: Ինքը՝ իրադրությունը, ամենևին էլ հարցահարույց չէ, անհատն է հարցը տեսնում այնտեղ, քանի որ հարցի ծագումն արդեն իսկ այդ իրադրության և մարդու հնարավորությունների մեջ է, այն առերևույթ չէ, այն պետք է պարզապես նկատել, տեսնել: Հարց նշանակում է ինչ-որ մի բանի վերաբերյալ պակասը, բացակայությունը տեսնել, որն արդեն իսկ եղածի, երևույթների մեջ մեջ նորույթ է: Սա նշանակում է մտածել ընդհանրապես, որի հարուցիչը գտնվում է հարցադրման մեջ: Եթե կա հարցը, հետևապես գոյություն ունի մի նորի բացահայտման ցանկությունը, մոտիվացիան: Այժմ, ինչ վերաբերում է ֆուտբոլային մտածողությանը, այսինքն՝ այդ մտածողության հոգեբանական իրողությանը, կարող եմ ասել հետևյալը. նախևառաջ այստեղ պահանջվում է պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցումը, այսինքն՝ խոսքը գնում է սպորտային արհեստավարժ մտածողության մասին: Այսպես, օրինակ, ֆուտբոլասերը նայում է ֆուտբոլի գեղեցկությունը, դիտարժանությունը, որը գեղագիտական զգացմունքներ և հաճույք է առաջացնում և կլանում է իր պարզությամբ, դրանով իսկ այն առաջացնում է մասսայական հետաքրքրություն: Օրինակ, չմշկասահքի համար հատուկ պատրաստվածություն է հարկավոր, իսկ շախմատի համար՝ քայլերը սովորել, ֆուտբոլ խաղալու համար ի սկզբանե հատուկ հմտություններ պետք չէ, ինչպես մարդը քայլում և վազում է, նույնն էլ գնդակին դիպչելն է, այդ կարողությունը բնականից տրված է, դրանով իսկ այն մասսայականություն է վայելում իր պարզությամբ, և յուրաքանչյուրս, ասես, ֆուտբոլ դիտելիս ինքներս մտովի մեր մասնակցությունն ենք ցուցաբերում, մեզ դաշտում ենք պատկերացնում, կարծես ինքներս ենք խաղում: Այնքան պարզ և մատչելի է երևում գնդակի հետ գործողություններ կատարելը, որ դիտելիս յուրաքանչյուրի համար այն բարդություն չի ներկայացնում: Եթե չմշկասահքը և հոկեյը նույնպես ապրումներ են առաջացնում, ապա դա այն պատճառով է, որ անհատը, կարծես թե, այդ պակասն իր մեջ տեսնում է և կցանկանար ինքը նույնպես կարողանալ այդպես անել: Այստեղ այս 2 սպորտաձևերի նկատմամբ կարելի է մարզասերի ապրումները մեկնաբանել հետևյալ կերպ. 1. Ֆուտբոլ խաղալու ժամանակ ես կուզենայի դաշտում լինել 2. Երանի ես էլ կարողանայի այդպես անել: Այս հոգեբանական զեղումից հետո այժմ վերադառնանք ֆուտբոլային մտածողությանը: Մեր հայ իրականությունում, նախևառաջ, ֆուտբոլը և ֆուտբոլային մտածողությունը դեռևս խորհրդային ժամանակաշրջանից շատ մեծ տեղ էր զբաղեցնում մարզաձևերի համակարգի զարգացման մեջ: Այն նաև գտնվում էր պետության հովանավորության ներքո: Հիմա նույնպես այն շարունակվում է, սակայն ցավով պետք է նշեմ, որ Խորհրդային միության փլուզումից հետո այդպես էլ ոտքի չի կանգնում մեր ֆուտբոլը և դրա հետևանքով կորցրել է իր միջազգայնացումն ու բարձր մակարդակը: Մասնագետները պնդում են, որ Խորհրդային միության փլուզումը նաև հարված հասցրեց սպորտի, նաև ֆուտբոլի վրա, դրանով իսկ ընդհատվեց ֆուտբոլի զարգացման շարունակականությունը: Սակայն ես այստեղ կնշեմ հետևյալը. ներկայումս, նաև անմիջապես Խորհրդային միության փլուզումից հետո ֆուտբոլային մտածողությունն այդպես էլ իր մշակումը չգտավ, չկարողացավ մուտք գործել իր իսկ մտածողությամբ ֆուտբոլի համաշխարհային զարգացման միտումների մեջ՝ այդ համաշխարհային ֆուտբոլային մտածողության միտումները չըմբռնելու հետևանքով: Մտածել ֆուտբոլում արհեստավարժորեն նշանակում է ամեն պահի թիմային ռազմավարության գործընթացում ունենալ ընդհանրացված, այսինքն՝ միջնորդավորված մտավոր այնպիսի կարողություններ, որոնք ամեն պահի, բացի ստանդարտներից, մղված են նաև նոր գործողությունների, դաշտում նոր հաջողությունների հասնելու, նոր ուղիների որոնումներին: Այստեղ նաև մեծ տեղ են զբաղեցնում ֆուտբոլային կռահումները՝ ինտուիցիան թե՛ մարզչական շտաբում, թե՛ ֆուտբոլիստների մտավոր իմացական գործընթացներում: Արհեստավարժ ֆուտբոլային մտածողության ամենաառաջին գրավականը ֆուտբոլի դաշտում ինքնուրույն որոշումներ կայացնելու պահի ըմբռնումն է, նաև հանուն ընդհանուր թիմային շահի: Սա ընկած է որպես մոտիվացիա ընդհանուր թիմային մտածողության հիմքում: Իսկ ֆուտբոլային մտածողություն ձեռք բերելու համար բավարար չէ միայն պրակտիկ ֆուտբոլային հմտություններ և գործողություններ կատարելը, այլև հարկավոր են յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար որոշակիորեն յուրացնել տակտիկական գիտելիքներ, ոչ թե մեխանիկական հիշողությամբ, այլ մտածողությամբ, հմտություններ, որոնք, ճիշտ է, դժվարությամբ են մարմնավորվում ֆուտբոլային բուն խաղի ընթացքում, սակայն դրանց առկայությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Բացի դրանից, ֆուտբոլիստները պետք է ընդհանուր մտավոր ինտելեկտուալ որոշակի զարգացվածություն ունենան, որոնք միայն գիտելիքներով չէ, որ ձեռք է բերվում: Այն մշտապես որոնվում է թե՛ ֆուտբոլիստի, թե՛ մարզչի ողջ կենսագործունեության ընթացքում՝ նորանոր հարցադրումների ծագման մեջ: Այսպիսով, մեր հայկական ֆուտբոլի ճգնաժամը, իմ խորին համոզմամբ, հիմնականում պայմանավորված է արհեստավարժ մտածողության անլիարժեքությամբ: Ցավոք, մեր ողջ ֆուտբոլային տնտեսությունը և ֆուտբոլային մարզաձևի ողջ ինստիտուտը ոչ միայն պետք է վերանայի իր անցած ուղին, այլև թե ինչ ֆուտբոլային մտածողություն ենք մենք որդեգրում մեր ներկա հայ իրողության մեջ, քանի որ մենք գիտենք, որ այդ մտածողությունն ունի իր ազգային ձեռագիրը: Բնականաբար, այստեղ խոսքը գնում է այս ոլորտի բոլոր ֆուտբոլային ստորաբաժանումների ճգնաժամի մասին: Հ.Գ. Ցավով պետք է նշեմ, որպես հոգեբան, ընդհանրապես ֆուտբոլային մարզաձևի հոգեբանական նկարագիրն այսօր մեզանում ամբողջական չէ, թերի է, այդ իսկ պատճառով և՛ ֆուտբոլային մտածողությամբ, և՛ կադրերի, մարզիչների, ադմինիստրատիվ աշխատողների պատրաստման գործում, հավանաբար, մենք քայլում ենք համաշխարհային ֆուտբոլի ետևից, այլ ոչ թե կողքից կամ առջևից: Հոգեբան Ռուբեն Պողոսյան