Շատ մտահոգված ենք լարվածությամբ և ծանր զենքի օգտագործման փաստով. Ջեյմս Ուորլիք


12:33 , 26 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Առաջիկա երկու օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում և Ստեփանակերտում , այնուհետ հատելով շփման գիծը՝ հոկտեմբերի 28-ին կժամանեն Բաքու: Այս մասին Երևանում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Առաջին ու ամենակարևոր հարցը, որով մենք զբաղվելու ենք Երևանում և Բաքվում հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների և լարվածությունների աճն է: Մենք շատ մտահոգված ենք այդ լարվածությամբ, մասնավորապես ծանր զենքի օգտագործման փաստով: Այս զենքը օգտագործում են երկու կողմերն էլ և մենք շատ մտահոգված ենք, որ  դա հանգեցնում է բռնությունների ու լարվածության ավելացմանը և քաղաքացիական կյանքեր է խլում»,- նշեց նա։

Ամերիկացի համանախագահն ավելացրեց, որ համանախագահների ուղերձը թե՛ Երևանում, թե՛ Բաքվում այն է լինելու, որ պետք է հարգվի հրադադարը և թուլացվի լարվածությունը: Միայն լարվածության կրճատմամբ է, ըստ նրա, որ կարող են հաջողություն ունենալ այս պատերազմի ավարտը հաջողությամբ նշանավորելու համար:

Այցի երկրորդ նպատակն է կողմերի հետ քննարկել հակամարտության համընդգրկուն լուծում ապահովելու խնդիրը: Միջնորդները երկու մայրաքաղաքներում էլ կքննարկեն այն տարրերն ու սկզբունքները, որոնք պետք է լուծման հիմքում դրվեն։

«Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ կլինի նախագահների հանդիպում, մենք փորձում ենք այս բարձրաստիճան հանդիպման ժամկետների շուրջ համաձայնության գալ»,- նշեց Ուորլիքը:

Այցի երրորդ պատճառը, որ ՄԽ համանախագահները տարածաշրջանում են, վստահության ձևավորման կարևորումն է. «Այս մասին մենք խոսելու ենք թե՛ Երևանում, թե՛ Բաքվում և որոշ գաղափարներ ենք առաջ քաշելու»:

Ինչ վերաբերում է փախստականների խնդրին, ապա Ջ.Ուորլիքը նշեց, որ չի կարող լինել հակամարտության լուծում, եթե փախստականների ու ներքին տեղահանվածների հարցը չքննարկվի: Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ հարյուր հազարավոր փախստականներ, ներքին տեղահանվածներ կան տարածաշրջանում։

«Պետք է հնարավոր լինի վերադարձնել նրանց իրենց տները: Մանրամասները դժվար են, մենք պետք է դրանք քննարկենք նախագահների, ԱԳ նախարարների հետ՝ հետագա մանրամասները մշակելու համար: Դա իրոք բարդ հարց է», -ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրենց այս այցի շրջանակում Բաքվում հանդիպում կունենան Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ: