10:42 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) վարչապետ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը սերբ ազգայնականների հետ միասին ակտիվ մասնակցում է երկրում իշխանափոխության կոչեր հնչեցնող հակակառավարական ցույցերի կազմակերպմանը, հաղորդում է korrespondent.net-ը:
Ջուկանովիչի խոսքով՝ Չեռնոգորիայում վերջին իրադարձություններն իրենցից պետական հեղաշրջման փորձ են ներկայացրել, և վարչապետը ոչ մի կասկած չունի ցույցերին «սերբական ազգայնական շրջանակների» ներգրավվածության հարցում։
«Չկան նաև կասկածներ, որ Ռուսաստանն ունի և շարունակում է ակտիվ դեր խաղալ Պոդգորիցայում իշխանության դեմ ցույցերի կազմակերպման մեջ։ Այստեղ պետք չեն հատուկ մեկնաբանություններ։ Բավական է նայել երեք հաղորդումներին, որոնք ես արդեն նշել եմ»,- հայտարարել է Ջուկանովիչը։
Այդ եզրակացությունը վարչապետն արել է Ռուսաստանի ԱԳՆ-ի 3 հայտարարությունների հիման վրա՝ Վաշինգտոն Ջուկանովիչի այցի, ցույցերի առաջին փուլի և երկրի՝ ՆԱՏՕ տանող ճանապարհի մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) մայրաքաղաք Պոդգորիցայում հակակառավարական ցույցը շաբաթ օրն ուշ երեկոյան ավարտվել է խորհրդարանի շենքի վրա գրոհի փորձով, ինչից հետո ոստիկանությունը ցրել է ցուցարարներին հատուկ միջոցների օգնությամբ: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է 15 ոստիկան և 24 քաղաքացիական անձ, հիմնականում՝ արցունքաբեր գազի հետևանքով։