ԴԱԻՇ-ը Հալեպի շրջանում կտրել է Ասադի բանակի մատակարարման ուղին. Reuters


20:55 , 24 հոկտեմբեր, 2015

1702542Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալները գրավել են Հալեպից հարավ-արևելք ընկած խճուղին՝ դրանով իսկ մատակարարման բազաներից կտրելով Բաշար Ասադի կառավարական զորքերին։ Այդ մասին հայտնել են սիրիացի իրավապաշտպանները։

Գործակալության աղբյուրները պնդում են, որ մարտերի ընթացքում երկու կողմից զոհվել են տասնյակ մարդիկ։ Սիրիական SANA լրատվական գործակալությունը որևէ կերպ չի մեկնաբանում ռազմավարական կարևորության ճանապարհի համար մարտերը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է Հալեպի նահանգում Ալ-Ջաբուլ գյուղի ազատագրումը։

Դամասկոսում հայտարարում են նաև Հալեպի օդանավակայանի շրջանում ու ռազմաօդային ակադեմիայի շրջակայքում տեղական հաղթանակների մասին, ուր արդեն մի քանի ամիս է, ինչ մարտեր են ընթանում։ Ընդգծվում է, որ չնայած կառավարական զորքերի հարձակմանը՝ Հալեպում իրավիճակը մնում է բարդ։