17:25 , 24 հոկտեմբեր, 2015
Հոկտեմբերի 23-27-ը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում ընթանալու է ձյուդոյի աշխարհի երիտասարդական (1995-1997թթ ծնվածների) առաջնությունը, որին 82 երկրի 555 մարզիկ (336 ձյուդոյիստ, 219 ձյուդոյիստուհի) է մասնակցում:
Այս ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար է: Մրցանակակիրները մեդալներից ու համապատասխան կարգի դիպլոմներից բացի կստանան նաև դրամական պարգևավճար: Տղաների և աղջիկների 8 քաշային կարգերից յուրաքանչյուրի չեմպիոններին ոսկե մեդալի հետ մեկտեղ կհանձնվի 2000-ական դոլար պարգևավճար, որից 1600 դոլարը կտրվի մարզիկներին, 400-ը՝ նրանց մարզիչներին:
Աշխարհի փոխչեմպիոններին արծաթե մեդալի հետ միասին կտրվի 1400-ական դոլար պարգևավճար, որից 1120 դոլարը՝ մարզիկներին, 280-ը՝ դոլար նրանց մարզիչներին: 3-րդ տեղը գրավողներն էլ բրոնզե պարգևի հետ մեկտեղ կհանձնվի 800-ական դոլար պարգևավճար, որից 640-ը՝ մարզիկներին, իսկ 160-ը՝ նրանց մարզիչներին:
Առաջնության առաջին երկու օրերին ՀՀ երիտասադրական հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան նաև ստուգատեսին մասնակցող ՀՀ 3 պատվիրակները՝ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վահագն Հովսեփյանն և Շահեն Աբաղյանն ու 66 կգ քաշային կարգի 2014թ. երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ 55 կգ քաշային կարգում հանդես եկած մեր երկու ներկայացուցիչն էլ 1-ական հաղթանակ տանելուց հետո 1/8-րդ փուլում նվազագույն տարբերությամբ (միայն 1 յուկոյով) զիջեցին մրցակիցներին ու դուրս մնացին հետագա մրցպայքարից:
Մեծ էին սպասելիքները հատկապես այսօր տատամի ելած երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Արսեն Ղազարյանցից: Ցավոք, նա էլ այս անգամ չկարողացավ արդարացնել սպասելիքները: Արսենը ՀՀ երիտասարդական հավաքականի մյուս 2 ներակայացուցիչների նման կարողացավ միայն մեկ հաղթանակ տանել ու հետո անհաջողության մատնվեց: Նա 1/16-րդ փուլում 1 րոպե 31 վրկ-ում մաքուր (իպովով) հաղթանակ տարավ պաղեստինցի Ահմեդ Ամիրեհի նկատմամբ, սակայն 1/8-րդ փուլում ընդամենը 23 վրկ–ում իպոնով զիջեց Բելառուսի պատվիրակ Դմիտրի Մինկովին: Վերջինս էլ իր հերթին քառորդ եզրափակչում իպոնով տանուլ տվեց իսպանացի Ալբերտո Գայտերոյին:
Այսպես, այս անգամ ՀՀ պատվիրակները ձեռնունայն են վերադառանալու միջազգային կարևորագույն ստուգատեսից:
Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակությունն Աբու Դաբի է մեկնել ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ: