Գնել Նալբանդյանի մտքերից


13:03 , 8 դեկտեմբեր, 2012
«Արմնյուզ» հեռուստաընկերության 
խմբագիր

Մի’ գողացեք, հատկապես` ուրիշինը: 

Մի’ ստորացեք, մի’ ստորացրեք, մի’ թողեք, որ ձեզ ստորացնեն: 

Վաղ առավոտյան մի’ հայհոյեք, մաքրեք ատամները:

Հարբեցողությամբ մի’ զբաղվեք: 

Մի’ խոստացեք, մի’ երդվեք, մի’ կեղծեք. նույնիսկ ստելիս` մի’ կեղծեք: 

Ապաշխարեք. ապաշխարելիս մի’ շեղվեք: 

Հարգե’ք ձեր ծնողներին, ներեք ձեր թշնամիների’ն, ծնեք ձե’ր երեխաներին, լսե’ք ձեր դիմացինին: 

Հանդուրժեք ձեր պարտապաններին, այցելեք ձեր պարտատերերին: 

Կերպարանափոխվեք, մոռացեք վիրավորանքը:

Մի’ կապկեք ձեր դահիճներին: 

Հերյուրանքներ մի’ տարածեք, զազրախոսությամբ մի’ տարվեք, սադրանքների մի’ ենթարկվեք, աննպատակ մի’ գայթակղեք. սանձեք ձեր կրքերը: 

Տխմարներից թաքցրեք ձեր անլուրջ մտքերը:

Ամենուրեք թողեք ձեր մատնահետքերը: 

Ապուշի պես մի’ ժպտացեք:

Մի’ հիացեք, որ չհիասթափվեք: 

Դատարկամիտների խորհուրդներին մի’ հետևեք, մեծամիտների հետ մի’ շփվեք:

Մի’ եղեք մանրախնդիր, քինախնդիր, պատվախնդիր, բծախնդիր:

Հիմարի ասածից մի’ վիրավորվեք, խելոքի խոսքից` նույնպես:

Կերեք` չափավոր, անշտապ, առանց զգացմունքների. ինքնամոռաց մի’ նետվեք ուտելիքի վրա:

Մասնակցեք ուրիշների թաղումներին ու մի’ մոռացեք` ձեզ էլ են մի օր ճանապարհ դնելու:

Եղեք պարկեշտ, անխռով, նվիրված, հղի կանանց զիջող:

Նախապատրաստվեք մահվան և ճակատագրի այլ հարվածների:

Հետամուտ մի’ եղեք երբեք. դա կյանքի լավագույն ուղին չէ:

Նկատեք ամենակարևորը, մտապահեք երկրորդականը:

Մի’ եղեք նյութապաշտ, մորթապաշտ, սնոտիապաշտ, կռապաշտ: 

Պահպանեք ձեր արժանապատվությունը:

Հեռացեք ժամանակի’ն: