Ուկրաինայի հետ ԵՄ ազատ առևտուրը չի վնասի Ռուսաստանին. Մերկել


17:52 , 23 հոկտեմբեր, 2015

010915_100220_11428_2Ուկրաինայի և Գերմանիայի միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Գերմանիան ցանկանում է շարունակել տնտեսական հարաբերություններ կառուցել և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ՝ վստահեցրել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բեռլինում գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովին։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինան տնտեսական լավ հարաբերություններ ունենա ԵՄ-ի և Գերմանիայի հետ, սակայն միևնույն ժամանակ՝ նաև Ռուսաստանի հետ»,- ասել է կանցլերը։

Մերկելի խոսքով՝ համեմատաբար էժան և որակավորված աշխատուժի առկայությունը Ուկրաինան գրավիչ է դարձնում արևմտյան ներդրումների համար։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով նույնպես հանդես է եկել ելույթով, հայտարարել է, որ վերջին ամիսներին տնտեսական իրավիճակը երկրում սկսել է կարգավորվել, սակայն հավելել է, որ բարեփոխումների համար Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ-ի օգնությունը։

Մերկելն ու Յացենյուկը այսօր ստորագրել են համաձայնագիր գերմանա-ուկրաինական առևտրային պալատի ստեղծման մասին։