Հարգելի Արտեմ Հարությունյան, մի վերածվեք «սովորական աստղաքարի». մի հրապարակման առիթով


00:43 , 8 դեկտեմբեր, 2012
Արտեմ Հարությունյան

Օրերս Թերթ.am կայքում առիթ ունեցա կարդալու մերօրյա, հայաստանյան «լրագրողական» մտքի «գոհարներից» մեկը` բավականին ծիծաղելի հետևյալ վերնագրով «Գիրուկ սրբազաններ ունենք, ոնց որ դինոզավրիկ լինեն, եկեղեցին էլ քնած է.» (հղումն` այստեղ):
Ամեն օր հետևելով օրվա լրահոսին` արդեն սովորել եմ եկեղեցու վերաբերյալ նմանաբնույթ հրապարակումներ տեսնելու մեր լրատվական կայքերում կամ մամուլի մեջ, և եկեղեցական պաշտոնական լուսաբանումներն ու եկեղեցական շրջանակների հրապարակումները չհաշված, չեմ էլ կարծում, որ մեր լրագրողական այսօրվա դաշտում այս կարգի վերնագրից կամ այսպիսի նյութից ավելի որակյալ կամ ժողովրդի լեզվով ասած «մակարդակով» նյութ գրող կլինի: Այնուամենայնիվ որոշեցի կարդալ` մտածելով, որ հերթական անգույն լրագրողիկն է ուզում եկեղեցու հաշվին անուն ձեռք բերել, հանրաճանաչ դառնալ … մի խոսքով PR-վել…: Շատ չմանրամասնելով ասեմ, ամեն ինչ իր կանոնների ու նույնիսկ կաղապարի մեջ էր սկզբի տառից մինչև վերջին վերջակետը. էլ սեփական առաքելությոնից շեղված, ավելի ճիշտ` քնած եկեղեցի, էլ անսահման հարստություններ փակված ինչ-որ սեյֆերում, էլ չանչիկ, էլ տրակտոր /չէ չէ չծիծաղեք ամեն ինչ հենց այս ոճի մեջ է ու սա կոչվում է լուրջ նյութ հրապարակված լուրջ կայքի կողմից լուրջ թեմայի շուրջ…./… ու այսպես շարունակ: Միակ տարօրինակությունը այստեղ, որ իրոք չէի սպասում, այն էր, որ նմանատիպ «վառ ու գունեղ», բնորոշումներ անողը ոչ թե ասենք շոու-բիզի ուշադրության կարոտ աստղիկ է կամ աստղաքար և կամ սկսնակ մեկը, այլ հարգված գրականագետ, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը, ում, անկեղծ ասած, հարգում եմ իբրև գրչի մարդ: Ուղղակի չեմ ուզում հավատալ, որ մեծահարգ պարոնն էլ է «ընկել սրա-նրա ջրերը» և թույլ է տալիս, որ գիտնականի, գրականագետի իր անունն ու հեղինակությունը ևս դառնան օգտագործման առարկա` հայտնվելով նմանատիպ հրապարակումներում:
Պարոն Հարությունյան, անձամբ ես ու վստահ եմ՝ նաև շատ ու շատ ուրիշներ, Ձեզ ճանաչում են Ձեր գրական ձեռքբերումներով, Ձեր բանաստեղծություններով, հոդվածներով, գրքերով, դասախոսություններով, հետևաբար` կարիք չկա Ձեր մասին գրականագետի, գիտնականի ստեղծված կերպարն արատավորել նմանաբնույթ էժանագին հրապարակումներին մասնակցությամբ. հավատացեք՝ ոչինչ չի փոխհատուցի այնպիսի մի կարևոր իրողության կորուստը, ինչպիսին մարդուս բարի անունն ու համբավն է, իսկ այսօրինակ անորակ ու անիմաստ հոդվածներով Դուք իրապես ենթակա եք Ձեր բարի անունն ու համբավը կորցնելու և «սովորական աստղակերպի» վերածվելու վտանգին: Ինձանից թերևս ավելի լավ գիտեք, որ մտահոգություններ արտահայտելու շատ ավելի լավ ձևեր ու միջոցներ կան: Կարծում եմ, որ Դուք` իբրև հարգված գրականագետ, գիտնական մարդ PR-վելու կարիք չունեք: