Արոնյանը «Սիբիրի» կազմում առաջին հանդիպումն անցկացրեց


22:17 , 21 հոկտեմբեր, 2015

Հոկտեմբերի 18-ից Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիյեում մեկնարկեց շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սկոպիյեում ելույթ են ունենում նաև Հայաստանի առաջատար շախմատիստներից երկուսը՝ Լևոն Արոնյանն, ով պաշտպանելու է ռուսական «Սիբիր»թիմի մարզական պատիվը, և Լիլիթ Մկրտչյանն, ով հանդես է գալիս կանանց ռուսական «Ուգրա» թիմի կազմում: Տղամարդկանց մրցաշարում պատվավոր մրցանակը վիճակելու են 22 երկրի 50 թիմեր, կանանց ստուգատեսում՝ 9 երկրի 12 թիմեր: Ռուսաստանի պատվիրակ Սանկտ Պետերբուրգի կանանց թիմում ընդգրկված է նաև այս քաղաքի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը՝ միջազգային վարպետ Ալինա Բալայանը:
Երեկ կայացան 3-րդ տուրի հանդիպումները: «Սիբիրի» կազմում վերջապես առաջին անգամ խաղասեղանների առջև նստեցին նաև թիմի երկու առաջատարները՝ Վլադիրմիր Կրամնիկն ու Լևոն Արոնյանը, ովքեր մրցաշարի առաջին 2 տուրերում հանգստանում էին: ՌԴ–ի չեմպիոն Նովոսիբիրսկի «Սիբրիրը» հատկապես հենց նրանց ջանքերով, որ 4:2 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Նաշե նասլեդիեին»: Կրամնիկը 1-ին խաղատախտակի վրա առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ, իսկ Արոնյանը 2-րդ խաղտախտակի վրա սևերով 58-րդ քայլում, երբ մնացին միայն կողմերի մերկ արքաները, Էռեստո Ինարկիևի հետ խաղացած պարտիայում համաձանեց ոչ-ոքիի: Սա «Սիբիրի» տոնած 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, ու հիմա Արոնյանի թիմը թիմային 6 անհատական 14 միավորով ընթանում է 5-րդ տեղը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում ՌԴ-ի չեմպիոնը մրցելու է Սանկտ Պետերբուրգի «Մեդնի Սադնիկի» հետ, որը թիմային 6, անհատական 14,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում 2 անընդմեջ հաղթանակ տարած «Ուգրան» երեկ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Մոսկվայի «Նաշե նասլեդիեի» հետ: 3-րդ խաղատախակի վրա սևերով հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը Օլգա Գիրյայի հետ մրցավեճում համառորեն ձգտում էր հաղթանակի, քանի որ դա նաև նրա թիմին թիմային հաղթանակ էր ապահովում: Լիլիթը խելամիտ ու հաշվենկատ մարտավարությամբ ստացավ 1 զինվորի առավելության, սակայն այդ առավելությունը, չնայած գործադրած բոլոր ջանքերին, իրացնել չհաջողվեց, ու 87-րդ քայլում կողմերն ի վերջո խաղաղ դաշինք կնքեցին:
Սանկտ Պետերբուգի թիմը, որ 2-րդ տուրում անսպասելիորեն «նոկաուտի» էր ենթարկվել ու 0:4 հաշվով զիջել էր մակեդոնական «Գամբիտ Ասեկո Սիին», արագ վերագտավ իր խաղն ու 3-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց իտալական «Սիրկոլոյին»: Այս մրցամարտում վճորող ու հաղթական եղավ 4-րդ խաղտախտակի վրա հանդես եկած Ալինա Բալայանի սպիտակներով Լուրա Գուեչիի նկատմամբ տարած հաղթանակը: Այստեղ թիմային 6, անհատական 9 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է վրացական «Նոնա» թիմը: Թիմային 5, անհատական 8,5 միավորով «Ուգրան» զբաղեցնում է 2-րդ, իսկ Բալայանի թիմը թիմային 4, անհատական 6,5 միավորով առայժմ ընթանում է 5-րդ տեղում: Այսօր 4-րդ տուրում «Ուգրան» հանդիպում է առաջատարի՝ «Նոնայի», իսկ Սանկտ Պետերբուգի թիմը՝ Մոսկվայի «Նաշե նասլեդիեի» հետ:
Շվեյցարական մրցակարգով՝ 7 տուրով ընթանալիք այս ստուգատեսում եզրափակիչ՝ 7-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 24-ին: