Պուտինը կրկին անսպասելի քայլ ձիով է անում. Բաշար Ասադն անակնկալ այց է կատարել Մոսկվա


15:48 , 21 հոկտեմբեր, 2015

Այսօր հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան անսպասելի այցով Մոսկվա է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ մեծ պատվիրակության հետ միասին։ Ուշ երեկոյան կայացել է հանդիպում Ռուսաստանի պատվիրակության հետ, որը գլխավորել է Վլադիմիր Պուտինը։

Սկզբում նախագահները բանակցել են առանձին, հետո արդեն ընդլայնված պատվիրակություններով, ու հանդիպման արդյունքները ներկայացվել են շատ հակիրճ ու պաշտոնական սղագրության տեսքով, որը, սակայն, շատ բաներ է հուշում։

Նախ, դատելով դրա տեքստից, ակնհայտ է դառնում, որ Պուտինը ցանկացել է ընդգծել, որ Ասադն իր հրավերով է ժամանել Մոսկվա։ Ասել է թե՝ ինքն է կանչել։ Սա ևս մեկ հիշեցում է Ռուսաստանի կողմից այն մասին, որ իրենց ձեռնամուխ են եղել գերտերության կարգավիճակում վերահաստատվելու, ու Ասադի այցը վկայում է, որ առնվազն Սիրիան ընդունում է Ռուսաստանի գերիշխանությունը։ Բացի դրանից, Պուտինի ձևակերպումներից բխում է այն միտքը, որ այսօր ահաբեկչության դեմ իրական պայքարը մղում են միայն Սիրիան և նրան աջակցողները՝ լուսանցքից դուրս թողնելով ՆԱՏՕ-ին։

Բացի դրանից, խիստ ուշագրավ է նաև սղագրության այն հատվածը, որը վերաբերում է Ասադի ասածներին։ Եթե հակիրճ, ապա Սիրիայի նախագահն ընդգծել է, թե որքան երախտապարտ է Ռուսաստանի իշխանություններին ու ժողովրդին, և ինչ կարևոր է հետևողականորեն շարունակել ոչնչացնել ահաբեկիչներին և այլն։ Սակայն ամենաուշագրավը նրանում է, որ Ասադը հայտարարել է, որ կոնֆլիկտի հանգուցալուծման համար կարևոր են քաղաքական քայլերը, որոնք կարտացոլեն ժողովրդի շահերը, այլ ոչ միայն իշխանությունների։

Այլ կերպ ասած, պետք է սպասել, որ ամենամոտ ապագայում Ասադից պետք է սպասել հայտարարություններ ու կոնկրետ քայլեր, որոնք էապես կնպաստեն քաղաքացիական պատերազմի ավարտին։ Առաջին անգամ է, որ Ասադը նման զիջողականություն է դրսևորում, ու վաղը, երբ այդ մղձավանջը վերջապես հանգուցալուծվի, էական չէ, թե կպահպանի՞ Ասադն իր աթոռը, թե՞ կհեռանա Սիրիայի քաղաքական ասպարեզից։ Էականն այն է, որ նա, այնուամենայնիվ, կվերադարձնի խաղաղությունը, և բոլորը կհիշեն դա, ու որ առավել կարևոր է՝ բոլորը՝ թե՛ Սիրիայում, թե՛ Սիրիայից դուրս, կհիշեն, թե ում հորդորով ու ջանքերով Ասադը հասավ դրան։

Հիրավի, Պուտինը հանճարեղ քաղաքական գործիչ է։