Մի քանի նապաստակների հետևից վազողները...


10:30 , 21 հոկտեմբեր, 2015

Սահմանադրության փոփոխությունների նախագծի հարցում հայրենի քաղաքական դաշտի բնակիչների կողմնորոշումները գնալով բյուրեղանում են:
Պայմանականորեն կարելի է առանձնացնել երեք խումբ. փոփոխությունների կողմնակիցներ կամ, այսպես ասած, «այո»-ի ճամբարը, հակառակորդներ կամ «ոչ»-ի ճակատները և, երրորդ՝ ուժեր, որոնք ակտիվորեն չեն ներգրավվում «այո-ոչ» բանավեճում կամ ցուցադրաբար մի կողմ քաշված են դիրքավորվում:
Այս պահին, կարծում ենք, հետաքրքիր կլինի դիտարկել «ոչ»-ի դիրքերում կանգնածներից առավել ակտիվ ու ագրեսիվ-վճռական հայտարարություններով հանդես եկողների հռչակած նպատակները: Որպես այդպիսին կարելի է առանձնացնել ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի, Հայաստանի» հռչակած մոտեցումները: 
Ըստ այդմ, հիշյալ ուժերի «մինիմում» ծրագիրը սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տապալումն է, այսինքն՝ ներկայացված նախագծին քաղաքացիների մեծամասնության կողմից «ոչ» ասելուն հասնելը, «մաքսիմումը»՝ հանրաքվեի տապալմանը զուգահեռ կամ միաժամանակ իշխանափոխություն իրականացնելը: 
Որքանո՞վ է դա հնարավոր, կամ ինչպես ասվում է՝ իրատեսական: Եվ առհասարակ, որքանո՞վ են այդ երկու գործընթացները՝ հանրաքվեի տապալում և իշխանափոխություն, համատեղելի կամ փոխպայմանավորված: 
Այն, որ «ոչ»-ի ճամբարի, ի դեպ, տարբեր «ճակատներ» կազմած թվարկված ու նաև չհիշատակված մանր ու համեմատաբար մեծ քաղկազմակերպություններն իշխանափոխության իրական ռեսուրս չունեն, փաստում են անգամ ընդգծված հակաիշխանական դիրքերից հանդես եկող վերլուծաբաններն ու «խոսող գլուխները»: Չենք ասի, թե մեր դիտարկումները, առնվազն հետևության առումով, շատ են տարբերվում նրանց գնահատականներից: 
Նախ, այս տարվա փետրվարին ստացած հարվածն ուժգին էր, և գործնականում հակաիշխանական ուժերը դրա պատճառած նոկաուտից դեռ ինչպես հարկն է դուրս էլ չեն եկել: Այս ընթացքում տարբեր քաղաքական ու մերձքաղաքական իրադարձությունները ցույց տվեցին նաև այն ակնհայտ իրողությունը, որ, օրինակ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», առանց ԲՀԿ-ի, ավելի կոնկրետ, առանց Գ.Ծառուկյանի ֆինանսական հնարավորությունների շահագործման, իրենցից, ըստ էության, լուրջ և ազդեցիկ ուժեր չեն ներկայացնում, ի վիճակի չեն մարդկանց լուրջ զանգվածներ հավաքել իրենց շուրջն ու առաջնորդել: 
Բնութագրական է, որ անգամ «էներգետիկ ընդվզման» օրերին քաղաքական ընդդիմությունը չխառնվեց քաղաքացիական բողոքի ցույցերին: Եթե անգամ ցանկություն ունեին «իրենցով անել» բողոքի այդ զանգվածային դրսևորումը, ապա շատ արագ հասկացան, որ դա իրենց չի հաջողվի, առավելապես հասարակության մի զգալի մասի վստահությունը կորցրած լինելու պատճառով:
Միով բանիվ, «ոչ»-ական առանձին նկատելի ուժերի հռչակածը՝ հանրաքվեին զուգահեռ կամ այդ առիթն օգտագործելով իշխանափոխության հասնելը, իրատեսական չէ: Սա մի պարագայում, երբ, մեղմ ասած, քիչ հավանական է, որ նրանք կկարողանան հասնել իրենց զուգահեռ մյուս նպատակին, այն է՝ հանրաքվեն տապալելուն: 
Առհասարակ, կողքից դիտելիս հայրենի արմատական ընդդիմադիրները կամ այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ երդվյալ «ոչ»-ականները հիշեցնում են ոչ թե երկու, այլ միանգամից մի քանի նապաստակների հետևից վազող որսորդի: Իսկ նման որսորդը, որպես կանոն, նապաստակներից և ոչ մեկին չի հասնում: Ի լրումն, մի լավ ուժասպառ է լինում: 
Բավական խոցելի է հանրաքվեի տապալում-իշխանափոխություն շաղկապումը: 
Սկզբի համար արժե թեթևակի հիշեցնել, որ սահմանադրության փոփոխությունն իշխանության նախաձեռնությունն է: Իսկ դրանից ամենաքիչը հետևում է, որ նախաձեռնության հեղինակը հաստատ մտածած ու հաշվարկած կլինի իր այդ քայլի բոլոր հնարավոր հետևանքները: Այդ թվում՝ փոփոխությունների նախագծի՝ հանրաքվեով ավելի շատ «ոչ», քան «այո» ձայներ ստանալու տարբերակը: 
Մյուս կողմից՝ ընդամենը հանրաքվեի է դրվելու սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այսինքն՝ քաղաքական տեսանկյունից սա ամենևին էլ իշխանության վստահություն կամ անվստահություն հայտնել չէ: 
Բայց հաշվարկները դեռ իրենց հերթին: Մեր քաղաքական կյանքում կամ արդեն կարելի է ասել մոտակա պատմության ընթացքում նման մի բան տեղի է ունեցել: Հիշեցնենք. 2003 թվականին, ԱԺ ընտրություններին զուգահեռ, հանրաքվեի դրվեց սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որ նմանապես այն ժամանակվա իշխանությունների նախաձեռնությունն էր: Այդ ընտրություններում, ի դեպ, իշխանական կամ իշխանամետ ուժերն ավելի շատ ձայներ ստացան, քան ընդդիմադիրները: 
Իսկ սահմանադրության նախագիծը հանրաքվեով չանցավ: Այսօրվա «ոչ»-ականների բառամթերքով ասած՝ հանրաքվեն տապալվեց: Այո, բայց ոչ մի իշխանափոխություն էլ դրան չհաջորդեց, ո՛չ կամովին, ո՛չ էլ, այսպես ասենք՝ ընդդիմության ճնշման ներքո: Սա այն դեպքում, երբ այն ժամանակվա ընդդիմադիրներն անհամեմատ ավելի մեծ ռեսուրսների էին տիրապետում:
Զուտ քաղաքական հաշվարկի տեսանկյունից մեզ միանգամայն անհեռատես է թվում «հանրաքվեի տապալում-իշխանափոխություն»՝ «ոչ»-ականների առաջադրած «բանաձևը»: Տրամաբանորեն, եթե նրանք «հանրաքվեի տապալումը» համարում են նաև անվստահություն իշխանության նկատմամբ, ապա փոփոխությունների նախագծի ավելի շատ «այո» քվե ստանալն էլ պետք է ընդունեն որպես իշխանությանը լրացուցիչ վստահության արտահայտություն:
Բայց գործնականում, երբ համեմատում ես «այո»-ի դիրքերում գտնվող ուժերի (թվարկենք առավել ազդեցիկները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ) ու «ոչ»-ականների հնարավորությունները, ապա «այո»-ի հավանականությունը շատ ավելի մեծ է: Իսկ նման պայմաններում «ոչ»-ականներից առավել արմատականների առաջադրած զուգահեռումը կարող է ավելի շատ իրենց վնասել հետագա քաղաքական գործունեության ընթացքում: 
Ամփոփենք. հանրաքվեի և իշխանափոխության զուգահեռումը, ինչի կողմնակիցն են առավել նկատելի «ոչ»-ականները, երևակվում է որպես անարդյունավետ ու անհեռատես քայլ: Խորքում այս զուգահեռումն աղերսվում է նաև նույն «ոչ»-ականների ամենից հաճախ արծարծվող «իշխանությունների վերարտադրության» թեզին, որը, կարելի է ասել, քիչ թե շատ գեղեցիկ հորինված առասպել է: