12:35 , 20 հոկտեմբեր, 2015Exclusive
Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն երեկ ժամանել է Հայաստան և արդեն հայերեն բառեր է սովորում, օրինակ՝ բարև հայրենակիցներ, կիսատ-պռատ։) BlogNews-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Պլյուշչենկոյի հետ։ Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է սառցե շոու, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:
Սառցե բեմի արքայի համբավ ունեցող մարզիկը հայտնեց, որ երեկ մշակութային օր է ունեցել Երևանում։ «Գնացիք «Մեցցո ակումբ», որտեղ ջազ երաժշտություն լսեցինք, հրաշալի երաժիշտներ էին, մթնոլորտը շատ լավն էր, հիանալի ժամանակ անցկացրինք։ Զբոսնեցինք երեկոյան Երևանով, գերազանց տպավորություններ ունեմ. հրաշալի, մաքուր քաղաք ունեք, շատ լավ եղանակ է»,- ասաց նա ու հավելեց, որ նոյեմբերին, երբ կրկին գա Հայաստան՝ ելույթ ունենալու, մի քանի օր կմնա և կգնա Ծաղկաձոր։ «Ուզում եմ գնանք դահուկ քշելու, եթե, իհարկե, ձյուն լինի»,- նշեց նա։
Սոչիի Օլիմպիական խաղերում ողնաշարի վնասվածք ստանալու պատճառով Պլյուշչենկոն դադար էր առել, սակայն այս տարվա մայիսին հայտարարեց մեծ սպորտ վերադառնալու մասին։ «Ես շատ վնասվածքներ եմ ունեցել, 13 վիրահատություն եմ տարել և բոլորը շատ լավ եմ հաղթահարել։ Շատ լավ բժշկական թիմ ունեմ և հիմա ոչ մի խնդիր չունեմ։ Օրերս էլ ելույթ եմ ունեցել։ Մարզումների այս սեզոնը բաց եմ թողնում, քանի որ հիմա համաշխարհային շրջագայության եմ՝ ելույթներ եմ ունենալու Ամերիկայում, գրեթե ամբողջ Եվրոպայում, նոյեմբերի 20-ին էլ՝ Հայաստանում»,- ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով՝ այսպիսի շոու Երևանը չի տեսել։
«Կարծում եմ՝ այն, որ մենք ելույթ ենք ունենալու, արդեն իսկ մեծ անակնկալ է, որովհետև մենք այստեղ ենք բերում շատ լավ մարզիկների՝ աշխարհի չեմպիոնների։ Շատ հետաքրքիր է լինելու։ Կլինի նվագախումբ, կենդանի երաժշտություն։ Ես ելույթ կունենամ նոր ծրագրով, որը մարդիկ դեռ չեն տեսել։ Սրանք ուղղակի ցուցադրական համարներ չեն, սա ամբողջական շոու է, որը, իմ կարծիքով, հետաքրքիր է»,- նշեց Պլյուշչենկոն։
2,5 ժամ տևողությամբ ծրագրին մասնակցում են 20 գեղասահորդ, այդ թվում՝ Սերգեյ Յակիմենկոն, Իրինա Սլուցկայան, Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, Գև Մանուկյանը և այլք: Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն ուղեկցվելու է շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Նախագծի հատուկ հյուրն է Հայկոն:

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնը ցանկանում է մասնացել 2018 թվականի Օլիմպիական խաղերին, որը կլինի իր 5-րդ Օլիմպիադան։ «Պետք է նախ անցնեմ նախընտրական փուլը, և եթե առողջությունս թույլ տա, Աստված՝ ուժ, հաճույքով կմասնակցեմ մարզումներին։ Իհարկե, ցանկանում եմ ոչ միայն մասնակցել այդ մեծ տոնին, այլև մեդալ գրավել իմ երկրի և իմ երկրպագուների համար և ամբողջ աշխարհի տղամարդկանց մենասահքում դառնալ առաջին մարզիկը, ով մասնակցել է 5 Օլիմպիադաների»,- ասաց նա։
Ժամանակին Պլյուշչենկոն ցանկություն էր հայտնել գեղասահքի դպրոց բացել Հայաստանում։ Խոսելով այն մասին, որ այդ ցանկությունն այդպես էլ չիրականացավ՝ նա նշեց, որ հիմա էլ մեծ ցանկություն ունի, սակայն Հայաստանում չկան համապատասխան պայմաններ։ «Պետք չէ կառուցել մեծ սահադաշտեր, սակայն պետք է ունենալ համապատասխան տարածքներ։ Ես պատրաստ եմ և մեծ հաճույքով վարպետության դասեր կանցկացնեմ»,- ասաց նա։
«Շոուսթար» կազմակերպության տնօրեն Սոնա Թանանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 20-ին շատ մեծ շոու է սպասվում, որն աննախադեպ է Հայաստանի համար. «Սա աշխարհի թիվ 1 սառցե շոուն է, որին մասնակցում են օլիմպիական չեմպիոններ։ Սառցե շոուն հայ հանդիսատեսին գեղագիտական հաճույք կպատճառի։ Հուսով եմ՝ նաև կխթանի սպորտի, գեղասահքի նկատմամբ հետաքրքրությունը»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի