17:35 , 19 հոկտեմբեր, 2015
Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է ավստրալացի երգչուհի Սիայի աչքերը։ Վերջին շրջանում նա գրեթե միշտ և ամենուրեք փակում է աչքերը վարսերով, ակնոցով, շղարշով։ Արտիստուհու այս վարքագիծն ասես բխում է նրա երաժշտական ուղղվածությունից` էմոցիոնալ ջազ, փոփ, սոուլ։ Ի՞նչն է նրան դրդում փակել աչքերը, բայց փոխարենը բացել հոգին։ Իր կարիերայի սկզբում երգչուհուն քչերն էին ճանաչում, սակայն 2014թ.-ին նա իր «Ջահ» (Chandelier) երգով և տեսահոլովակով ցնցեց բոլորին։ Միայն այս երգով նա Գրեմմի մրցանակաբաշխությունում առաջադրվել է 4 անվանակարգում։ Սիայի վերջին շրջանի տեսահոլովակներում և համերգների ժամանակ հայտնվում է փոքրիկ շիկահեր աղջնակ՝ մի պահ հիշեցնելով երգչուհու մանկությունն ու պատանեկությունը։ Անձամբ արտիստուհին տեսահոլովակի կադրերում գրեթե չի երևում, ինչպես նաև տեսահոլովակներն աչքի են ընկնում խորեոգրաֆիկ լուծումներով, չափազանցված ու անկեղծ էմոցիանների արտահայտմամբ։ Հուսանք, որ երգչուհին հաջորդ տեսահոլովակում «կբացի» իր և, ինչու չէ, նաև հասարակության աչքերը։

