«Աշխարհի ամենագեր կինը» նիհարել է 230 կգ (լուսանկար)


22:15 , 19 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ամերիկուհի Կատրինա Ռեյդֆորդը, որը համարվում էր «աշխարհի ամենագեր կինը», նիհարել է մոտ 230 կգ-ով, հաղորդում է The Huffington Post-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ 12 տարի առաջ Ռեյդֆորդը 432 կգ էր կշռում։ Նա իրեն անվանում էր  «կես տոննայանոց կին»։

Մանկության տարիներին ամերիկուհին սեռական բռնության է ենթարկվել։ Նա հանգստացրել է ինքն իրեն քաղցրավենիքի և «գաղտնի սնունդ ընդունելու» միջոցով։

2003 թվականին Ռեյդֆորդը շնչառական խնդիրներ է ունեցել, և բժիշկները ստիպված են եղել քանդել նրա տան պատը, որպեսզի «ազատեն» հիվանդին ու հետազոտեն։ Կինը վիրահատվել է և խիստ դիետայով սնվել։ Նրա սննդակարգը բաղկացած է ոչ մեծ քանակությամբ մսից, մրգերից ու բանջարեղենից։

Այժմ կինը մոտ 203 կգ է կշռում, սակայն ամերիկուհին չի ցանկանում կանգ առնել։ Նա պլանավորում է դարձյալ նիհարել ու ազատվել ավելորդ մաշկից։

«Այժմ ես ավելի երջանիկ եմ և ինձ ինքնավստահ եմ զգում»,-ասել է Ռեյդֆորդը։ Նրա խոսքով՝ անցյալ տարի նա գնել է իր առաջին բիկինին։

catrina raidford pool