Մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը հարսանիքն է


15:54 , 19 հոկտեմբեր, 2015

Կեսկատակ-կեսլուրջ մի բան եմ ասում, խփել չկա: 
Ինչպես գիտենք՝ ցանկացած երկրի տնտեսություն հիմնված է մի ռեսուրսի վրա, օրինակ՝ Ադրբեջանը, ԱՄԷ-ն՝ նավթի, Գերմանիան՝ մեքենաշինության, Ճապոնիան, Կորեան՝ գիտական ներուժի, Ֆրանսիան՝ օծանելիքի, հագուստեղենի, Լատինական Ամերիկայի երկրները՝ արևադարձային կուլտուրաների և այլն: Այսօր մտածում էի՝ իսկ ինչի՞ վրա է հիմնված մեր տնտեսությունը, ո՞րն է մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը, որ ասեմ՝ չեք հավատա... Հայկական ավանդական հարսանիքը, ժողովուրդ, հա, ճիշտ եմ ասում, հենց հարսանիքը, հենց հիմա ապացուցեմ: Հայկական հարսանիքը տնտեսական մի ամբողջ արժեշղթա է պարունակում: 
1. Տեսեք՝ ո՞ր մի փոքր երկրում կգոյատևեին այսքան շատ ռեստորանային համալիրներ, մեզ մոտ ոչ միայն գոյատևում են, այլ մի բան էլ շահույթով են աշխատում՝ շնորհիվ...
2. Շոու բիզնես և սերիալներ: Տարեկան այդքան ուսանող է ավարտում, ու մեծ մասը երազում է խաղալ որևէ սերիալում, որ վերջում հարսանիքներին ռեյթինգային թամադա դառնա: Նույնը վերաբերում է ներկայիս շոուբիզի գրեթե բոլոր երգիչ-երգչուհիներին, պարտադիր պիտի հարսանիքի թեմայով երգ ու հոլովակ ստեղծեն, օրինակ՝ քավոր, հարսի շորիկ, փեսա, նորահարսիկ և այլն, որ հարսանիքներին գռդոն անեն, բա կոնսերվատորիայի շրջանավարտները, եթե չլինեին հարսանիքները, ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ կլիներ իրենց վիճակը:
3. Սննդի արտադրություն: Ամեն միջին հարսանիքին մոտավորապես սպառվում է 70 կգ խոզի միս, 60 կգ տավարի միս, մոտ 100 շիշ օղի, 30 շիշ կոնյակ և նույնքան գինի, ի դեպ, ասեմ՝ իմանաք՝ օղու իրացման ծավալներով գերազանցում ենք տարածաշրջանի բոլոր երկրներին: Ձիթապտղի իրացման 80%-ը կատարվում է հարսանիքի շնորհիվ, մնացածին չանդրադառնամ, թխվածքների արտադրություն, դե արդեն պարզ է:
4. Թեթև արդյունաբերությունը: Մի պահ հիշեք՝ ինչքան տարոսիկ, ուսկապ ու սինիներ են արտադրում այդ նպատակով: 
5. Գեղեցկության սրահներ: Ամեն հարսանիք գնալուց առաջ մեր իգական սեռի ներկայացուցիչներն առնվազն 10000 դրամ են թողնում աշխատակիցներին:
6. Եկեղեցի: Չգրեմ, արդեն գիտեք:
7. Մեքենաներ: Հիմնականում G class մերսեդեսների տերերի հավելյալ եկամուտը գալիս է հարսանիքներից, ամեն հարսանիքին ստանում են 80 000 դրամ, ամսական միջինն աշխատում են 320 000 դրամ։
8. Տրանսֆերտներ, տուրիզմի զարգացում: Չեմ տեսել մի հարսանիք, որոնք այդ օրն արտասահմանից եկած բարեկամ չունենան, նաև արտասահմանից ուղարկված նվեր:
9. Գյուղմթերքների վաճառքի խթանում: Այ օրինակ, որ խաղողի այգիների տեղը կարմիր խնձորի այգիներ դնեին, հիմա իրացման խնդիր չէին ունենա, քանի որ, պարզվում է, մեր բոլոր հարսները կույս են:

Հիմա պատկերացրեք՝ այս ցուցադրական, ճոռոմացված, աչք ծակող արարողության տեղը լիներ փոքր, պարզ մի հետաքրքիր տոնակատարություն... Կարճ ասած՝ երկրի տնտեսության պահպանման ծանր բեռն ընկած է մեր հարսների ու փեսաների փխրուն ուսերին: Բախտավոր լինեք, ի՞նչ ասեմ: