16:30 , 19 հոկտեմբեր, 2015Մեկի համար պատրաստելն է հոբբի, մյուսի համար՝ նկարելը, երրորդի համար՝ հավաքածու ունենալը. այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ BlogNews.am-ը հայտնիների հետ խոսել է իրենց հոբբիների մասին:
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդման հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը, պարզվում է, սիրում է ափսեներ հավաքել տարբեր երկրներից կամ էլ որևէ խորհրդանիշ ունենալ արտերկրից՝ տվյալ երկրի պատկերով:
«Իմ ընկերները լավ գիտեն, որ երբ մի տեղ մեկնում են, պետք է պարտադիր իրենց հետ ափսե բերեն։ Ես ափսեներ ունեմ՝ բերված Փարիզից, Իտալիայից, Պրահայից, Ռիգայից, Մոսկվայից, իսկ Վիեննայից, Հնդկաստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից ափսեներ ինձ համար բերել են ընկերներս»:


Դերասանուհի Տաթև Հովակիմյանը հատուկ թուլություն ունի գեղեցիկ տետրերի, գրիչների, մատիտների հանդեպ, սիրում է դրանք հավաքել. «Ես նաև գրել եմ շատ սիրում, ունեմ սիրուն տետրներ, որտեղ ամեն օր մի բան գրում եմ, օրինակ՝ ֆրազներ ու մտքեր թե՛ կինոներից, թե՛ գրքերից: Հոբբիներիցս մեկն էլ ներկերով թղթերը գունավորելն է, դա ինձ շատ հանգստացնում է և օգնում մտածել, թեև ազատ ժամանակվա իմ կարևոր զբաղմունքներից մեկն էլ ֆիլմեր դիտելն է»։
Դերասանուհին իր բազում գրառումներից առանձնացրեց հետևյալը. «Ուրիշների թերությունները ցուցադրելը հեշտ է, իսկ կարո՞ղ եք երբևէ քողարկել դրանք»:


Չնայած հաղորդավարուհի Մարինա Գրեգը գեղեցիկ կազմվածք և լավ տեսք ունի, բայց նրա հոբբիներից մեկը ֆիթնեսով զբաղվելն է, որը, ինչպես նա է ասում, արդեն ապրելակերպ է դարձել. «Արդեն հինգ տարի է՝ զբաղվում եմ ֆիթնեսով, իհարկե ընդմիջումներ եղել են, բայց կարող եմ ասել, որ մեկ տարուց ավել է, ինչ այն կյանքի ռիթմ է դարձել»: Սա Մարինայի միակ սիրելի զբաղմունքը չէ, հաղորդավարուհին նաև սիրում է պատրաստել. «Վերջին շրջանում շատ եմ պատրաստում սպագետտի կարբոնարա ուտեստը, ընկերներս ասում են, որ շատ լավ է ստացվում, պատրաստում եմ նաև ինձ համար արդեն ավանդական դարձած ժուլյեն, որը, ինչ խոսք, առանց համեստության, շատ համեղ է ստացվում»:


Դերասանուհի Արևիկ Գևորգյանն էլ նկարելու հանդեպ սեր ունի. «Ես կտորի վրա բատիկա եմ անում: Մետաքսը կարծես շատ սիրուն է իր վրա վերցնում «ներսից» կուտակված գույները»: Արևիկը նաև պատմեց, որ երբ նոր էր սկսում զբաղվել այս գործով, վաճառում էր իր աշխատանքները. «Հետո դադարեցի, քանի որ ձեռքս չէր գնում վաճառել ապրածս: Իսկ հիմա դրանք միայն նվիրում եմ ամենաթանկ մարդկանց»:




«Իմ հոբբին պարը և դիմահարդարումն է, չնայած՝ պարել եմ 18 տարի: Իսկ դիմահարդարումն արդեն այսօր կարծես դարձել է երրորդ մասնագիտություն»,-պատմեց դերասանուհի Մեգգի Գրիգորյանը և ավելացրել, որ օրեր առաջ Կալինինգրադ քաղաքում, բացել է իր դիմահարդարման ստուդիան:



Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի