19:38 , 17 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ԵՄ հետ բանակցվող նոր համաձայնագիրը կունենա նաև տնտեսական բաղադրիչ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրումների 50 տոկոսը Եվրոպական միության պետությունների աշխատանքն է: ԲՀԿ նախագահը շեշտեց, որ ՀՀ-ն գիտակցում է՝ փաստաթղթի տնտեսական բաղադրիչը չի կարող լինել այն ծավալով, ինչպիսին Ասոցացման համաձայնագրում էր. «Բայց միանշանակ է, որ 500 միլիոնանոց տնտեսական շուկա ունեցող պետությունը չի կարող Հայաստանի հետ չունենալ տնտեսական համագործակցություն՝ բնականաբար, դրանք համադրելով Եվրասիական տնտեսական միության հետ»:
Քանի որ ԲՀԿ-ն Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ է, որի ներկայացուցիչն է նաև Ռիչարդ Չարնեցկին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց համար կարևոր է դաշինքի առաջիկա տարեկան համագումարը: Կուսակցության նախագահը հայտնեց, որ ԲՀԿ-ի հրավերով համաժողովն այս տարի ամենայն հավանականությամբ կանցկացվի Հայաստանում:
«ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական նման մեծ ընտանիքում անդամակցելը: Մենք համարում ենք, որ կարևոր ծրագրեր ունենք, որոնք միտված են եվրոպական մեր համատեղ հաջողությանը: Ուստի Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի տարեկան համաժողովը մեր հրավերով կանցկացվի Հայաստանում. Այս առումով ունենք նախնական համաձայնություն և հրավիրելու ենք անդամ բոլոր կուսակցություններին»,- նշեց Զոհրաբյանը:
Ռիչարդ Չարնեցկին էլ շնորհակալություն հայտնեց իրեն ԲՀԿ գրասենյակում ընդունելու համար և շեշտեց, որ վերջին տասը ամիսների ընթացքում սա իր թվով չորրորդ այցն է Հայաստան։ «Իմ այցը շատ կարևոր ժամանակահատվածում է տեղի ունենում՝ կապված ՀՀ-ԵՄ նոր որակի հարաբերությունների հետ»,- ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը՝ հավելելով, որ կարևորում է դաշինքի և ԲՀԿ-ի համագործակցությունը:
«Նոյեմբերի 13-ից 14-ը Թունիսում կանցկացվի Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորմիստների սամմիթը: Ուզում եմ շնորհավորել Ձեզ տիկին Զոհրաբյան, ամուր դիրքերի համար ոչ միայն դաշինքում, այլև՝ հանրության մեջ: Հանդիպել եմ ԵՄ դեսպանի հետ Հայաստանում և նրա հետ առանձնազրույցների ժամանակ նա ասել է, որ ԲՀԿ-ն ամուր քաղաքական դիրք ունի և ես հույս ունեմ, որ մինչև մյուս ընտրություններ կպահպանեք այդ ուժն ու կունենաք վստահության բարձր քվե»,- ասաց նա։