16:11 , 17 հոկտեմբեր, 2015
ՀԱՐՑ
Բարև Ձեզ, ես գտնվում եմ 15 շաբաթական հղիության փուլում և ցանկանում եմ ընդհատել հղիությունս: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դրա համար անհրաժեշտ է որևէ մեկի թույլտվությունը կամ համաձայնությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ
Նախ անհրաժեշտ է նշել, որ հղիության արհեստական ընդհատումը, այսինքն` աբորտ կատարելը, անցանկալի երևույթ է մեր իրականությունում, բայց և այնպես մեր երկրի օրենսդիրը որոշ դեպքերում թույլատրում է աբորտի կատարումը:
Այսպես, յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:
Հղիության արհեստական ընդհատումը (աբորտ) բժշկական միջամտություն է, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
Ճիշտ է, օրենսդիրը հղիության արհեստական ընդհատման իրավունքը նախատեսել է կանանց համար, բայց, այնուամենայնիվ, նման իրավունք ունեն նաև անչափահաս իգական սեռի ներկայացուցիչները: Սակայն հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով պետք է կատարվի միայն նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:
Յուրաքանչյուր կին իրավունք ունի հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունից ստանալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների և մեթոդների վերաբերյալ: Խորհրդատվությունից բացի` մինչև 22 շաբաթական հղիության ժամկետով բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումների (աբորտներ) իրականացմանը պետությունը ցուցաբերում է նաև երաշխավորված անվճար հիվանդանոցային գինեկոլոգիական օգնություն:
Ցանկացած պահի կինն իրավունք ունի նաև հրաժարվել բժշկական բոլոր միջամտություններից և պահանջել ընդհատել դրանց կատարումը, սակայն այս դեպքում բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և գրավոր հավաստվում հղի կնոջ, դրա անհնարինության դեպքում՝ նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիս անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ: