Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է ԱՄՆ Պետդեպին. ԶԼՄ-ներ


14:40 , 16 հոկտեմբեր, 2015

German_Intelligence-2013-07-15Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսել է ԱՄՆ Պետդեպին՝ հայտնում է գերմանական Focus պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ գաղտնալսման նպատակը կարող էր լինել տեղեկատվության հավաքումը Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազաների մասին։

Գերմանական հետախուզական ծառայության շուրջ թեժացող լրտեսական սկանդալի պատճառով ընդդիմությունը կտրուկ քննադատության է ենթարկել դաշնային կառավարությանը։ Բունդեսթագի պատգամավոր Կոնստանտին ֆոն Նոտցը (Կանաչների կուսակցություն) նշել է, որ դեռևս պետք է պարզել, թե որքանով են կառավարության անդամներն իրազեկված եղել հետախուզական ծառայության անօրինական գործունեության մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական հետախուզական ծառայությունը մինչև 2013-ի վերջը գաղտնալսել է ԵՄ մի քանի երկրների և ԱՄՆ-ի պետհաստատությունները։ Բունդեսթագն արդեն հայտարարել է հանձնաժողովի ձևավորման մասին, որը պետք է ստուգի ծառայության տվյալների բազան և հարցաքննի աշխատակիցներին։