Արոնյանը հայտնվում է նավից պարահանդես վիճակում


09:48 , 16 հոկտեմբեր, 2015

Նախօրեին Բեռլինում ավարտված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության մասնակիցների մեծ մասը մրցաշարի ավարտից անմիջապես հետո ուղևորվում է Մակեդոնիա, ուր վաղը՝ հոկտեմբերի 17-ին, այդ երկրի մայրաքաղաք Սկոպիյեում մեկնարկելու է շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սկոպիյե կուղևորվեն նաև Հայաստանի առաջատար շախմատիստներից երկուսը՝ Լևոն Արոնյանը, ով պաշտպանելու է ռուսական «Սիբիր» թիմի մարզական պատիվը, և Լիլիթ Մկրտչյանը, ով ելույթ է ունենալու կանանց ռուսական «Ուգրա» թիմի կազմում: 
Նկատենք, որ այս ստուգատեսում ժամանակին բավական մեծ հաջողություններ արձանագրած Հայաստանի թիմերը վերջին տարիներին չեն մասնակցում կարևորագույն ակումբային այս մրցաշարին: 
Տղամարդկանց մրցաշարում պատվավոր մրցանակը վիճակելու են 22 երկրի 48 թիմեր: Առավել մեծաքանակ՝ 4 թիմով է ներկայանալու Ռուսաստանը: Ուշագրավ է, որ 2-ական թիմով են ներկայանալու Կոսովոն ու Լյուքսեմբուրգը:
Ընդհանուր առմամբ տղմարդկանց մրցաշարում պատրաստվում են հանդես գալ 46 երկրի 348 շախմատիստ, այդ թվում՝ 111 գրոսմայստեր, 61՝ միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ: 
Մրցաշարում ամենաբարձր թիմային միջին անհատական վարկանիշը 2771 ունի Ադրբեջանը ներկայացնող ինտերնացիոնալ գերհզոր կազմ ունեցող «Սոկարը»: Աշխարհի յուրատեսակ հավաքական հիշեցնող այս թիմում ընդգրկվել են Կարուանան (ԱՄՆ), Տոպալով (Բուլղարիա), Անիշ Գրինին (Հոլանդիա), Ադամսը (Անգլիա) ու 4 ադրբեջանցի շախմատիստներ Ռաջաբովը, Մամեդյարովը, Մամեդովն ու Սաֆարլին:
Թիմային միջին անհատական վարակիշով (2752) երկրորդը Ռուսաստանը ներկայացնող «Սիբիրն» է, որն ևս ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկն է համարվում: Այս թիմում Արոնյանի թիմակիցներ են ռուսաստանցիներ Կրամնիկը, Գրիշչուկը, Կորոբովը, Բոչարովն, ինչպես նաև չինացիներ Վան Յուն, ու Չաո Լին: 
Կանանց մրցաշարում հանդես են գալու 9 երկրի 12 թիմեր, որոնց կազմերում ընդգրկված են ընդհանուր առմամբ 17 երկրի 57 շախմատիստուհի, այդ թվում 27 գրոսմայստեր, 8-ը միազգային և 5-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ: 
Այստեղ ևս առավել մեծաքանակ՝ 3 թիմով է ներկայանալու Ռուսաստանը: Այս երկիրը ներկայացնող «Ուգրա» թիմում Լիլիթ Մկրտչյանի թիմակիցներն են Աննա Ուշենինաա (Ուկրաինա) և ռուսաստանցիներ Նատալյա Պոգոնինան, Մարիա Գուսևան ու Բայրա Կովանովան:
Ռուսաստանի պատվիրակ Սանկտ Պետերբուրգի կանանց թիմում ընդգրկված է նաև այս քաղաքի հայտնի ու փորձառու շախմատիստուհիներից մեկը, միջազգային վարպետ Ալինա Բալայանն, ում թիմակիցներ են գրոսմայստեր Անաստասիա Բոդնարուկը, միջազգային վարպետ Եվգենյա Օվոդը, ՖԻԴԵ-ի վարպետ Դինա Բելենկայան և ԿարինաԱզիովան: 
Նկատենք, որ Լիլիթի ու Ալինայի թիմերը թիմային միջին անհատական վարկանիշով 12 թիմերի մեջ զբաղեցնում են 4-րդ և 5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի էլո ֆավորիտը 2510 միջին անհատական վարկանիշով Վրաստանը ներկայացնող «Նոնա» թիմն է, որի կազմում ընդգրկված են վրացի հայտնի գրոսմայստերներ Նանա Ձագնիձեն, Բելա Խոթենաշվիլին, Նինո Բացիաշվիլին, Լեյա Ջավախաշվիլին ու միջազգային վարպետ Միրանդա Միքաձեն: 
Շվեյցարական մրցակարգով՝ 7 տուրով ընթանալիք այս ստուգատեսում 1-ին տուրի հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 18-ին, իսկ եզրափակիչ՝ 7-րդ տուրինը՝ հոկտեմբերի 24-ին:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: