Հայ հայտնիներ, ում սիրավեպ են վերագրել


18:45 , 15 հոկտեմբեր, 2015

Ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում, բայց այս դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է: Այս հայտնիներին տարբեր առիթներով սիրավեպեր են վերագրել, մեր երկրում այդպես է. եթե նկարահանվում ես որևէ սերիալի գլխավոր հերոսուհու դերում, քեզ կարող են կապել նույն սերիալի գլխավոր դերակատարի հետ, կամ երբ դուետով ես հանդես գալիս, ապա պարտադիր պայման է, որ կատարողների սիրավեպի մասին խոսակցություններ սկսվեն: Այս անգամ ներկայացնում ենք այն հայտնիներին, ում երբևէ սիրավեպ են վերագրել:

Հայկո-Քրիստինե Պեպելյան 

Երբ 2012 թվականին Հայկոն և Քրիստինե Պեպելյանը ներկայացան «Ուշացած խոսքեր» դուետով, երգը շատ սիրվեց և հնչում էր շատերի մեքենաներում, բայց մարդիկ սկսեցին խոսել այն մասին, իբր նրանք սիրավեպ ունեն: Բանը հասել էր անգամ նրան, որ շատերն ասում էին, թե Քրիստինեն ամեն առավոտ Հայկոյի համար սուրճ է պատրաստում: Այս ամենին թե՛ Հայկոն, թե՛ Քրիստինեն բավականին հումորով էին մոտենում, քանի որ նրանք պարզապես շատ մտերիմ ընկերներ են:

Մերի Մակարյան-Միհրան Ծառուկյան-Շուշաննա Թովմասյան

Այս եռյակի մասին սկսեցին խոսել, երբ նրանք նկարահանվեցին «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: Երեքն էլ գլխավոր դերերում էին խաղում, սկզբում ասեկոսեներ էին տարածվել, որ Շուշաննան և Միհրանը սիրավեպ ունին, անգամ կային շատ երկրպագուներ, ովքեր պնդում էին, որ նրանք թաքուն հանդիպում են, բայց Միհրանի պրոդյուսեր Սաշը հերքեց բոլոր կասկածները: Երբ Միհրանին և Շուշաննային համեմատաբար հանգիստ թողեցին, անցան Մերի Մակարյանին և սկսեցին խոսել, որ նա ապրում է Միհրանի հետ: Այս խոսակցություններն ավելի թեժացան, երբ Մերի Մակարյանի ծննդյան օրվանից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ զույգը ջերմորեն գրկախառնված էր:  

Դիանա Մալենկո-Սոս Ջանիբեկյան

Սա երևի թե ամենաթարմ հավանական սիրավեպերից է. ասեկոսեները սկսվեցին, երբ Սոսն և Դիանան նկարահանվեցին «Հյուսիս-Հարավ» գեղարվեստական ֆիլմում: Առհասարակ Սոսին հաճախ են բազմաթիվ սիրավեպեր վերագրում, բայց սա ամենաթարմն էր։ Թե՛ Սոսը, թե՛ Դիանան հերքեցին այս լուրը, Դիանան անգամ հավելեց, որ նրանց միջև երբեք սիրավեպ լինել չի կարող. նրանք հիմա լավ ընկերներ են: Բացի այդ, ի տարբերություն Սոսի՝ հիմա Դիանա Մալենկոն ընտրյալ ունի, ում մասին արդեն հայտնել է լրատվամիջոցներին: 

Նազենի Հովհաննիսյան-Ավետ Բարսեղյան

Այս զույգը բազում տարիներ եղել է հաղորդավարական ամենասիրելի զույգերից մեկը, նրանք միասին վարում էին «Կռունկ» երաժշտական փառատոնը, ինչպես նաև այլ համերգներ ու միջոցառումներ: Սա էլ հիմնական պատճառներից մեկը դարձավ, որ հայկական շոու բիզնեսով հետաքրքրվողները որոշեցին, որ Նազենին և Ավետը սիրավեպ ունեն: Սակայն իրականությունն այլ է. նրանք պարզապես լավ ընկերներ են, բացի դրանից՝ նրանք շատ մտերիմ են Սոֆի Մխեյանի և Անդրեի հետ: 

Սիլվա Հակոբյան-Սարգիս Ավետիսյան

Սարգիսն և Սիլվան մտերիմ ընկերներ են, նրանց միջոցառումների ընթացքում բավականին հաճախ էին տեսնում միասին, հետևաբար՝ խոսում էին նրանց հավանական սիրավեպի մասին: Թեման ավելի սրացավ, երբ նրանք միասին ձայնագրեցին «Ալո» երգը, բայց հետագայում սիրավեպի մասին լուրերը հերքվեցին: