Հայտնի բռնապետերի երեխաների անհայտ ու տխուր ճակատագրերը (Photo)


16:45 , 14 հոկտեմբեր, 2015

Որպես կանոն, բռնապետերի կյանքն ավարտվում է մահապատժով կամ էլ ազատազրկմամբ, և սա հայտնի է բոլորին։ Սակայն քչերին է հայտնի, թե ինչ ճակատագիր է վիճակվում ամենահայտնի ու ազդեցիկ բռնապետերի զավակներին իրենց հզորազոր ծնողի մահվանից հետո։ Ձեզ ենք ներկայացնում 4 հայտնի բռնապետերի զավակների անհայտ ու տխուր պատմությունները։

1. Ստալինի երեխաները

Ստալինի առաջնեկը՝ Յակով Ջուգաշվիլին, հորից վաղ մահացավ։ Նա Հայրենական պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ մեկնեց, որտեղ գերության մեջ հայտնվեց։ Գերմանացիները ցանկանում էին հետագայում փոխարինել նրան գերի ընկած ֆելդմարշալ Պաուլյուսի հետ, ու համաձայն լեգենդներից մեկի՝ Ստալինն ի պատասխան այս առաջարկի պատասխանում է. «Ես զինվորին ֆելդմարշալի հետ չեմ փոխում»։

Սակայն Ստալինի դստեր՝ Սվետլանա Ալիլուևայի հիշողություններում ասվում էր, որ Ստալինն ասել է, որ չի պատրաստվում սակարկել, քանի որ «պատերազմում պատերազմի պես է»։ Դրանից հետո գերմանացիների փոխանակման պլանը ձախողվեց, և Յակովին գնդակահարեցին համակենտրոնացման ճամբարից փախչելու փորձի ժամանակ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Յակովը զոհվել է հենց պատերազմի առաջին օրերին, այլ ոչ թե գերի ընկել, իսկ գերմանացիների այս արշավը զուտ խաբկանք էր։

Ստալինի երկրորդ որդին՝ Վասիլին, ի տարբերություն եղբորը, հորից երկար ապրեց, բայց ամենազոր Ստալինի մահից անմիջապես հետո սկսեց հալածվել։ Նա դիմեց Չինաստանի դեսպանատանը և տեղեկացրեց, որ իր հորը թունավորել են և քաղապաստան խնդրեց, սակայն 1953 թվականի ապրիլին նրան ձերբակալեցին և մեղադրեցին կուսակցությունը և կուսակցապետերին վարկաբեկելու փորձերի մեջ։ Բանտում նրան գրանցեցին որպես Վասիլիյ Պավլովիչ Վասիլյև։ Մի քանի անգամ նա գրեց Խռուշչովին, Վորոշիլովին ու Բուլգանինին և խնդրում էր ազատ արձակել իրեն, բայց նրան ոչ ոք չպատասխանեց։

1960 թվականի հունվարին նրան ազատ արձակեցին, 3 սենյականոց բնակարան հատկացրեցին Մոսկվայում, ինչպես նաև թոշակ նշանակեցին, բայց ընդամենը 3 ամիս անց նրան կրկին ձերբակալեցին միևնույն «հակասովետական գործունեության» մեջ ու կրկին բանտ ուղարկեցին։ Նրան վերջնականապես ազատեցին միայն 1961 թվականի ապրիլի 28-ին։ Վասիլիյին արգելեցին կրել Ստալին ազգանունը և բնակություն հաստատել Մոսկվայում ու Վրաստանում։ Նրան ուղարկեցին Կազան, որտեղ նա մահացավ 1962 թվականի մարտի 19-ին։ Համաձայն պաշտոնական եզրակացության՝ նա մահացել է ալկոհոլային թունավորումից։

Ստալինի միակ դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան, երկար կյանք ապրեց։ 1967 թվականին նա արտագաղթեց ԱՄՆ, որտեղ նա գրեց իր հայտնի «20 նամակ ընկերոջը» գիրքը, որում պատմում էր հոր մասին։ Այնտեղ էլ նա ամուսնացավ ու աղջիկ երեխա ունեցավ, բայց շուտով ամուսնալուծվեց։ Գիրքը նրան բավականին մեծ եկամուտ բերեց, որը թույլ տվեց բավականին ապահովված կյանք վարել։ 1982 թվականին նա տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, իսկ հետո մեկնեց ճանապարհորդությունների։ 1984 թվականին նա վերադարձավ ԽՍՀՄ, որտեղ նրան բավականին ջերմ ընդունելության արժանացրեցին։ Նրան առանց խնդիրների շնորհեցին ԽՍՀՄ քաղաքացիություն, 3 սենյականոց բնակարան Վրաստանում, ծառայողական ավտոմեքենա ու նպաստ նշանակեցին, բայց արդեն 1986 թվականին Սվետլանան վերադարձավ ԱՄՆ։ Նա մահացավ 2011 թվականի նոյեմբերի 22-ին Ռիչլենդ քաղաքի ծերանոցում։

2. Չաուշեսկուի երեխաները

Նիկոլաե Չաուշեսկուն և նրա կինը՝ Ելենան, երեք երեխաներ ունեին՝ Նիկան, Վալենտինն ու Զոյան։ Չաուշեսկուի ու նրա տիկնոջ գնդակահարությունից հետո նրանց բոլորին ձերբակալեցին՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով։ Վալենտինը բանտում մնաց տարուց էլ քիչ, ինչից հետո նրան ազատ արձակեցին։ Հետագայում նա Բուխարեստի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտ ընդունվեց, որտեղ էլ աշխատում է առ այսօր ու շրջագայում է՝ աշխարհով մեկ դասախոսություններ կարդալով։
Չաուշեսկուի դուստրը՝ Զոյան, մասնագիտությամբ մաթեմատիկոս էր, ու նրան ևս երկար չպահեցին բանտում, սակայն երբ նրա նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը, նա չկարողացավ նորմալ կյանքի վերադառնալ։ Ռումինիայի նախկին բռնապետի դստերը ոչ ոք չէր ուզում աշխատանքի վերցնել, ու Զոյան շատ աղքատ էր ապրում։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ նա նույնիսկ դատարկ շշեր էր հավաքում՝ հանձնելու համար։ 2006 թվականին նա մահացավ թոքեր քաղկեղից։

Չաուշեսկուի մյուս որդու՝ Նիկուի բախտն այդքան էլ չբերեց։ Հենց նրան էին համարում բռնապետի հավանական ժառանգ ու փոխարինող ու հեղափոխությունից հետո նրան դատապարտեցին պետական միջոցների վատնման համար և 20 տարով փակեցին բանտում։ Նա իր պատիժն ամբողջությամբ չկրեց. 1992 թվականին նրան ազատեցին հիվանդության պատճառով, իսկ 1996-ին Նիկու Չաուշեսկուն մահացավ լյարդի ցիռոզից։

3. Քադաֆիի երեխաները

Մուամար Քադաֆին այն բռնապետերից էր, ով չէր զրկում իրեն ոչ մի բանից։ Նրա տոնակատարություններին, որոնք անց էին կացվում նրա պալատներում, հրավիրվում էին այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Նելլի Ֆուրտադոն, Բեյոնսեն և Մրայա Քերին։ Քադաֆիի երեխաների բանկային հաշիվներին պահվող միլիարդների ու շքեղ դղյակների մասին լեգենդներ էին հյուսվում. ասում էին, որ նրանք այնքան հարուստ էին, որ նույնիսկ կահույքն էր ոսկուց։

Քադաֆիի երեխաներին գրկաբաց ընդունում էին արևմտյան տերությունների առաջնորդները, սակայն Քադաֆիի սպանությունից հետո նրա ընտանիքը ստիպված էր ապաստան գտնել այլ երկրներում, իսկ նրանց հարստությունը թալանվեց և բռնագանձվեց։ Նույնիսկ այսքանից հետո նրա ոչ բոլոր երեխաները փրկություն գտան. որդիներից երեքը սպանվեցին 2011 թվականի բախումների ժամանակ։

Ներկայումս Քադդաֆիի այրին՝ Սոֆին, նրանց դուստր Աիշան ու որդիներից երկուսը՝ Մուհամեդն ու Հաննիբալը, Ալժիր փախչելուց հետո ապաստան գտան Օմանում։ Եվս մի որդին՝ Սաադին, փախավ Նիգեր, իսկ ավագ որդին՝ Սեիֆ ալ-Իսլամը, ներկայումս գտնվում է բանտում, ու նրան մահապատիժ է սպառնում։

4. Սադդամ Հուսեյնի երեխաները

Սադդամի երեխաները մինչև իրենց հոր տապալումը բառիս բուն իմաստով շքեղության մեջ էին լողում։ Հարստության նկատմամբ թուլություն ուներ հատկապես Սադդամի ավագ որդին՝ Ուդեյ Սադդամ Հուսեյնը։ Նա շատ էր սիրում թանկարժեք ավտոմեքենաներ ու թանկարժեք քարեր։ Որոշ հաշվարկների համաձայն՝ 12 տարում նա ձեռք է բերել 1500 ավտոմեքենա։ Բացի դրանից, նա թուլություն էր տածում գեղեցիկ կանանց նկատմամբ, ու ի դժբախտություն այդ կանանց՝ չէր հանդուրժում մերժումներ։ Նրա պալատ էին բերում ցանկացած կնոջ, ում հավանում էր Ուդեյը, ինչից հետո նա ստիպողաբար կենակցում էր նրա հետ։ Ասում են, որ դրանից հետո նա նրանց վրա դաջում էր իր անվան առաջին տառը։ Ասում են, թե իրեն հատկապես դուր եկած կանանց նա շռայլորեն նվերներ էր անում ու կարող էր ժամադրության գնալ տանկով։

Հուսեյնի երկրորդ որդին՝ Կուսեյը, ի տարբերություն եղբոր՝ կարողանում էր իրեն կառավարել, ու հենց նրան, այլ ոչ թե Ուդեյին էին ակնկալում տեսնել Սադդամի ժառանգի կարգավիճակում։ Կուսեյը գաղտնի ոստիկանության պետն էր, ով հայտնի էր իր վայրագություններով ընդդիմադիր գործիչների հանդեպ։ Սակայն երկու եղբայրներն էլ սպանվեցին 2003 թվականին՝ ամերիկացիների հատուկ օպերացիայի ժամանակ, բայց մինչ սպանվելը մի քանի ժամ դիմադրեցին։

Հուսեյնի երեք դուստրերը՝ Հուսեյնան, Ռանան և Հալան, փրկվեցին և քաղապաստան ստացան Հորդանանում, որտեղ էլ ապրում են առ այսօր։