Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ


11:24 , 13 հոկտեմբեր, 2015

Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՍտրասբուրգPanorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից: 

Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել հայկական կողմի համար սկզբունքորեն անընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ:

Նման պայմաններում Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին: Այս պատճառով է Հայաստանը ներգրավվել որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենա Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը՝ ինչպես տվյալ գործի, այնպես էլ՝ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունն այս գործով, որպես երրորդ կողմ, Եվրոպական դատարանից ակընկալում է արդարացի վճիռ, որը զերծ կլինի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում:

Նպատակն այն է, որպեսզի Եվրոպական դատարանի վճիռը չդառնա գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին, ովքեր կփորձեն այն օգտագործել իրենց անբարոյական նպատակներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ