19:47 , 12 հոկտեմբեր, 2015
ԱԺ շենքի ցանկապատների վրա բարձրանալն ու այնտեղից գոռգոռալը հեշտ բան չէ, դրա համար շատ էներգիա ու եռանդ է պետք ունենալ, այսինքն՝ լավ ու ճոխ սնվել և ընդհանրապես ճոխ ապրել: Իսկ ճոխ ապրելը ՀԱԿ-ի ղեկավարության մոտ միշտ լավ է ստացվել: Դեռ թարմ են հիշողություններն այն մասին, թե ինչպես էր այս ամռանը Լևոն Զուրաբյանն իր ընտանիքով մեկնել Թուրքիա հանգստանալու, իսկ Արամ Մանուկյանն իր հանգիստը անց էր կացնում Սոչիում: Հեղափոխական լիցքեր էին ստանում պարոնները: Ստացան, եկան ու նորից սկսեցին ռեժիմին «խուճապահար» անել: Զուրաբյանի ելույթներն էլ ավելի էմոցիանալ դարձան՝ հիշեցնելով կանացի կենցաղային հիստերիաներ, իսկ Արամ Մանուկյանը, հավանաբար հաշվի առնելով, որ Սոչին սպորտային քաղաք է, Սոչիում հանգստանալուց հետո որոշեց զարգացնել իր մարզական ունակությունները, մասնավորապես ցանկապատի վրա մագլցելու արվեստը: Նա բարձրացավ ԱԺ ցանկապատների վրա՝ պատգամավորից վերածվելով շարքային ակտիվիստի և սկսեց աղաղակել արդարության մասին:
Այսպիսի հոգնեցուցիչ հնարքից հետո Մանուկյանը, բնականաբար, քաղցած ու հոգնած կլիներ, և, իհարկե, անհրաժեշտ է վերականգնել ուժերը, որպեսզի նոր եռանդով շարունակել պատրաստվել իրենց «բուրժուադեմոկրատական» հեղափոխությանը: Բայց որտե՞ղ վերականգնել ուժերը, տա՞նը կամ միգուցե «Մուսալեռ» ռեստորանո՞ւմ: Ոչ, իհարկե, ՀԱԿ-ի ղեկավարությունը նման մանր բաների հետևից չի ընկնում, նա սիրում է իր հանգիստն ու վայելքներն անցկացնել դրսում: Եվ ահա օրերս Արամ Մանուկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք՝ մասնակցելու հարսանեկան արարողության: Բնական է, որ ձրի չի մեկնել, նաև ճոխ նվերներ է գնել:
Փաստորեն ՀԱԿ-ի ղեկավարներն էլ մասնակցում են ճոխ հարսանիքներին՝ բնականաբար ճոխ նվերներով, այն դեպքում, երբ շարքային կոնգրեսականը կիսասոված վիճակում օրվա հացի փող է հայթայթում: Միևնույն ժամանակ ՀԱԿ-ի ղեկավարությունն իրենց հանգիստն են անցկացնում արտերկրում, ինչպես նաև սևծովյան կամ Պարսից ծոցի առափնյա շքեղ հյուրանոցներում, սակայն այդ մասին՝ հաջորդ դասին: Բուրժուազիայի պերճանքն ու թշվառությունը շարունակվում է: