Սիրիական զորքերը մի շարք բնակավայրեր են գրավել Համայում և Իդլիբում


09:45 , 12 հոկտեմբեր, 2015

Լragir.am-ը գրում է.

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Սիրիայում կառավարական զորքերը հարձակման են անցել Համայի և Իդլիբի շրջաններում, որտեղ դիրքավորվել են ապստամբները, գրում է Ալ Ջազիրան:

Սիրիացի զինվորական պաշտոնյաներից մեկն Ասոշիեյթիդ Պրեսի հետ զրույցում հայտնել է, որ Համայի հյուսիսում սիրիական զորքը գրավել է Թաք Սուկայկ քաղաքը: Ավելի վաղ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնել էր, որ Բաշար Ասադի զորքերը լիբանանյան Հիզբալլահի զինյալների օգնությամբ գրավել են Համայի շրջանի ալ-Բահսա քաղաքը:

ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ ռուսական ավիացիայի օգնությամբ սիրիական զորքերը Համայի շրջանում գրավել են Ատշան քաղաքը և հարևան գյուղերը, որոնք գտնվում էին Ալ-Նուսրա խմբավորման վերահսկողության տակ: Մարտերում սպանվել է մի քանի տասնյակ գրոհային:

Սիրիական բանակը, ըստ Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալության, գործողություններ է անցկացրել նաև Լաթաքիայի և Հալեպի շրջաններում՝ կորուստներ պատճառելով Իսլամական պետությանը: