Մի կտոր երախտիքի խոսք


18:20 , 5 դեկտեմբեր, 2012

Յուրաքանչյուր ոք կյանքի որևէ փուլում կամա թե ակամա կարիք ունի իր կյանքում բժշկի անմիջական միջամտության, վերջինիս կողմից տրվող ցուցումների, հույսի և որ ամենակարևորն է՝  հոգատարության՝ առանց նախապայմանների,  առանց հետին և կամ բացահայտ ակնկալիքների…

Թերևս չգտնվի որևէ մեկը,  ով իր մտապատկերում «բժիշկ» երևույթի մասին չունենա վերոնշյալ նախնական պատկերացումը. ուստի ես էլ այլախոհ չեմ համարվի,  եթե ասեմ, որ դեռևս մանկության տարիներից իմ մտապատկերում այդպիսին է դրոշմվել բժշկի կերպարը,  ավելին՝ ես մտա այդ կերպարի մեջ ու  տարիներ շարունակ համարվում էի սիրելի տիկնիկներիս սիրելի բժշկուհին, իսկ իմ ստեղծած «բժշկական կենտրոնն» ամենալավն էր աշխարհում… Տարիների հետ, իհարկե, այդ ստեղծված երազը չդարձավ իրականություն,  սակայն ցանկությունը մնաց իմ մեջ՝  գոնե սեփական հայրենիքում տեսնել իմ երազների բժշկական կենտրոնն իր արժանավոր բուժաշխատողներով, ովքեր իրապես արժանի են՝ բժիշկ կոչվելու վեհ պատվին… Իրականությունը, ցավոք, այլ էր գրեթե ամենուր, հիասթափությունը՝ չափազանց խորը… Երբ ամիսներ շարունակ մարդիկ աշխատում են քեզ հետ, հոգ են տանում քո մասին, բացահայտում քո առողջությանը սպառնացող վտանգները և առաջարկում լուծումներ, ակամայից քեզ երջանիկ ու ապահով ես զգում և ամեն ինչից առաջ չես մոռանում երախտիքի քայլ անել… Երջանկությունդ փոխվում է հիասթափության, ապահովությունդ՝ տագնապի ու սթրեսի, երբ այդ նույն մարդիկ ստիպում են հասկանալ, որ վաստակած իրավունքներդ չեն կարող լիովին կիրառվել՝ քեզ ինչպես հարկն է վտանգներից ազատելու և քո մասին հոգ տանելու գործում…  Եվ այս ամենը վերապրում ես այն պահին,  երբ պատրաստվում ես կյանք տալ Մեկին և միաժամանակ ձեր երկուսի համար կյանք հայցել այդ մարդկանցից… Ուղղակի պարտավոր ես շնորհակալություն հայտնել Աստծուն, որ երբ փակվում են անհրաժեշտ դռներ, նշմարվում են դեպի լույս տանող հույսի պատուհաններ…

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական Կենտրոնի Ծննդատուն. հղիների պաթոլոգիայի բաժանմունք. հեքիաթային խաղաղություն, վայր, որտեղ գլխավորից, բժիշկներից ու բուժաշխատողներից զատ բաժանմունքի պատերն անգամ հոգ են տանում քեզ համար, հավատ ներշնչում… Բաժանմունքի վարիչ, իմ և փոքրիկիս Կյանքի Բժիշկ Լևոն Բորիսի Դալլաքյանի հետ ունեցած հերթական զրույցից հետո հասկանում եմ, որ գուցե իմ մանկության երազը դեռ կարող է իրականության տեսքով կանգնել իմ առաջ՝  իր ողջ հմայքով ու մանրամասներով…

15   նոյեմբերի, 2012 թվական. վիրահատարան… Ես պատրաստ եմ մասնակից լինել իմ հրեշտակի լույս աշխարհ գալուն: Ես երջանիկ եմ… Բայց, ցավոք, ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում… Ես ի վիճակի չեմ լսելու նրա առաջին ճիչը. շարունակում եմ պայքարել մոլագար ցավի դեմ. ոչինչ չեմ գիտակցում… Առժամանակ անց վերագտնում եմ ինքս ինձ, վերլուծում կատարվածը, մահու չափ տխրում, բայց քիչ անց խաղաղվում եմ ինձ ուղղված բարի, հոգատար ու իմաստուն հայացքներից… Ամեն դժվարություն անցյալում է… Ամեն ինչ իր ընթացքի մեջ է, հրեշտակս՝ առողջ ու հանգիստ… Հաջորդ չորս օրերի ընթացքում հասկանում եմ, որ, հիրավի, հայտնվել եմ  իմ մանկության երազում՝ իմ ստեղծած բժշկական կենտրոնում, որտեղ ամեն առավոտ բժշկիս հոգատար այցելությունն ու հերթափոխն ընդունող նոր անձնակազմը ապացուցում են, որ ամենն իրականություն է: Այո, ես գտա բժշկական այն կենտրոնը, որտեղ շարքային բուժաշխատողից մինչև բաժանմունքի վարիչ պատրաստ են հոգալ մարդկային կյանքի համար՝ առանց նախապայմանների ու առանց մեզանում հայտնի հայկական ավանդույթների պահպանման… Գտա վերևում նկարագրած  բժշկին, ով արժանի է իր բարձր կոչմանը, ու ինչպես նշված է իր այցեքարտում՝ մեր առողջությունը թանկ է իր համար…

Արժե ավելի շատ երախտիքի խոսքեր հղել բոլոր-բոլորին, բայց որպեսզի շատերի աչքերին ու ականջներին հայկական սովորության համաձայն երախտիքի արտահայտման այս տարբերակը որպես գովազդ չընկալվի, ուզում եմ պարզապես ամբողջ սրտով ու հոգով բարձրաձայնել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

 Հայազգի   Նորաթուխ Մայրիկ

Աննա Խանզադյան