00:34 , 5 դեկտեմբեր, 2012
Այսպիսի գլխացավը հատուկ է մեր մասնագիտությանը: Շատերն են բողոքում նույն կարգի անտանելի ցավերից: Բժիշկները բացատրում են դա ուղեղային թաղանթի գերլարված աշխատանքով… Դե որ ասում են, ուրեմն այդպես է: Սակայն նրանց տված դեղահաբերը հեչ էլ չեն օգնում: Ընդհանրապես չեն օգնում: Ու գործն ախր չի էլ հասնի դեղահաբերին, եթե գլխացավի ժամանակ հնարավոր լինի օգտվել գոնե ամենահասարակ անեծքներից կամ շշուկներից: Իսկ երբ գլխացավը վերջապես անցնում է (դա լինում է թարսի պես հենց լուսաբացին) դիակի պես ընկնում ես տեղաշորի մեջ ու մնաս բարով, համալսարան, մնաս բարով, պրոֆեսոր, մնաս բարով, Պարանորմալ երևույթների ֆակուլտետ… Ինձ պես պատասխանատու մեկի համար այդ վրա հասած քնկոտությունն ու դասերի բաց թողումն ուղղակի անթույլատրելի են: Դրա համար, որ ժամին էլ սկսված լինի գլխացավը, ես, առանց ամաչելու և նույնիսկ անհարմար զգալու, շտապում եմ տասներկուերորդ հարկ` հարևանիս՝ Քաջիկ Լուսնավազի մոտ:
Թերևս բոլորը գիտեն, թե ինչը կարող է ազատել մոգին անտանելի գլխացավից: Ու Քաջիկն էլ շատ չի նեղանում, երբ խանգարում եմ նրա հանգիստը` ներխուժելով նրա միսենյականոցը գիշերվա կեսին (այսպես թե այնպես Քաջիկը երբեք չի էլ քնում): Եղել է մի երկու դեպք, երբ Լուսնավազն արդեն սրել էր ժանիքները, երբ չափից շատ էր հանկարծակիի եկել իմ հայտնվելուց, բայց գործն արյունի չէր հասել: Քաջիկը (իմացե՜ք) բացառիկ կիրթ և դաստիարակված անհատականություն է:
Այդ օրը ես բարձրացա նրա մոտ վերելակով: Ցավն իրոք դժոխային էր, ու չկային ուժեր նույնիսկ ոտքով մի քանի հարկ բարձրանալու: Հասա նրա դռան մոտ ու բացեցի այն առանց թակելու` քթիս տակ շշնջալով բանալու խոսքերը:
Բնակարանում մութ էր: Լուսամուտները բաց էին: Թեթև քամին էր միայն ներս մտնում լուսամուտից ու դուրս փախչում օդանցքից: Ես զգույշ առաջ գնացի ու ձայն տվեցի` Քաջի՜կ:
Մի քանի քայլ ևս կատարեցի: Ու այդտեղ քիչ մնաց լեղաճաք լինեի: Խելառը (սա կապ չունի նրա դաստիարակության կամ կրթվածության հետ) փաստորեն առաստաղի վրա էր: Երբ ես մթության մեջ քայլ առ քայլ առաջ էի շարժվում մութ բնակարանում, նա նայում էր ինձ առաստաղից ու հարմար պահ որսում քթիս տակ ցատկելու համար: Ջերմ ընդունելություն է, համաձայն եմ:
-Քու ինչն եմ ասել, Քաջ...
-Աղմո՞ւկ, աղաղա՞կ, խուճապ ու տագնա՞պ: Կանչենք բոլոր հարևաններին ու թաղայինների՞ն, լինենք խայտառա՞կ:
-Չէ չէ, այսպես էլ յոլա կգնանք,-ասում եմ ես,-բարի եղիր միայն, լույսը միացրու:
-Օ՜, -պատասխանում է,- իմ բարիության մասին ուղղակի առասպելներ են հյուսվում:
-Ես դրանց մասին գիտեմ,-շտապեցնում եմ,-Քաջ, օգնի՜ր, ա՞, էլ չեմ դիմանում:
-Էլի այդ պրոֆեսորը ձեզ տանջո՞ւմ է,-հարցնում է Լուսնավազը,-ի՞նչ փոխակերպումներ է այս անքամ ստիպել ձեզ անել: Կենդանացնել արձաննե՞ր:
-Չէ՜,- էլ չեմ դիմանում ես:
-Լավ, լավ, համբերի,-հանգստացնում է,-հիմա կտեսնենք, դու միայն նրան ասա, որ վամպիր հարևաններ ոչ բոլորն ունեն, չի կարելի այդքան ծանրաբեռնել ուսանողներին...
Քաջիկը ձեռքը դրեց ճակատիս: Նրա աչքերը կարմրեցին, իսկ մաշկը ստացավ իր բնական մեռելային սփրթնածությունն ու մի քիչ կնճռոտվեց:
-Կարգին է,-ասաց նա ու քաշեց ձեռքը: Ես սովորականի պես ընկա գետնին ու բթացած հայացքս հառեցի առաստաղին: Այդպես միշտ է լինում, երբ անցնում է ցավը: Դրանից հետո այնքան դատարկված ես լինում, որ պետք է մի քանի րոպե ուղղակի էշանալ, որպեսզի մոլեկուլների ցրված գիտակցությունդ նորից ի մի գա:
Իրոք, դեմք են վամպիրները:
Քանի՞ անգամ է ինձ այսպես բուժել Քաջիկը: Հարցս հռետորական է, բայց պատասխանն իրականում թվաբանական կստացվի...
Ես չեմ դադարում հիանալ նրանով: Ու զարմանալ...
Ուղղակի դժվար է պատկերացնել, թե ինչեր է իր մեջ քաշում վամպիրը... Համենայն դեպս Քաջիկը... Հիմա ուշքի գամ ու մի լավ բան կհյուրասիրեմ նրան:
Ուշքի գալուց հետո գնացի խոհանոց: Քաջիկի միսենյականոցում դա ամենահարմար տեղն է նստել-զրուցելու համար: Նա այնտեղ էր: Հեռուստացույցը միացված էր:
-Մի բան կհյուրասիրե՞ս,-հարցրեց նա:
-Իհարկե,- ասացի ես ու սկսեցի շշնջալ: Քիչ անց սեղանին հայտնվեց բավականին շքեղ ապակյա սափորիկը` Քաջիկի սիրած հեղուկով:
-Այս անգամ որտեղի՞ց,-հարցրեց նա:
-Արևելքից է,-ասացի ես,-ավելացել է վիրահատությունից հետո, սրա կորուստը ոչ ոք չի էլ կնատի:
-Ախ քո ինչն եմ ասել,-հառաչեց նա,-եթե ունենայի քո հնարավորությունները...
-Կլինեիր մոգ, ոչ թե վամպիր,-ասացի ես ու նորից սկսեցի շշնջալ: Խոհանոցում իրարանցում սկսվեց: Սուրճի տուփը շարժվեց դեպի ջազվեն, միացավ ջրի ծորակը, դրա տակ հայտնվեց պահարանից իջած բաժակը, միացավ գազօջախի կրակը: Սիրտս սուրճ էր ուզում: Լուսնավազը լցրեց սափորիկի կարմիր հեղուկը բաժակի մեջ:
-Դու չես էլ պատկերացնում, չէ՞, ինչ հզոր բան է սա:
-Հավատա, մի քիչ պատկերացնում եմ,-ասացի ես,-անուշ արա: Իսկ դու երբվանի՞ց ես սկսել հեռուստացույց նայել: Այն էլ Խորհրդարանի նիստը:
-Վերջերս,-ծիծաղեց նա,-վարպետության դասեր եմ առնում:
-Այսի՞նքն,-զարմացա ես,-միայն չասես, որ ձերոնցից այնտեղ մարդ կա:
-Ուր էր,-աշխուժացավ նա:-Ոչ մի օրենք, որը կնախատեսեր գոնե մի փոքրիկ արտոնություն մեր համայքի համար: Ոչ մի հանդուրժողականություն ու նրբանկատություն: Հազարամյա վամպիրները ստիպված են սնվել ամեն տեսակի զիբիլով...
Նա ախորժակով դատարկեց բաժակը:
-Այսպիսի նեկտար մերոնցից շատ քչերն են կարողանում վայելել մեր օրերում: Միայն հոգևոր սնունդ: Ինչքան կարելի է ապրել սրա-նրանից էներգիա գողանալով... Դրա համար էլ նայում եմ (գլխով ցույց տվեց հեռուստացույցը), որպեսզի սովորեմ գործի նրբությունները: Մի ամբողջ օր իրար գլխի են հավաքվում ու ողջ երկրից արյուն վերցնում…
-Չափազանցնում ես,-ասացի ես,-չափազանցնում ես… Քո եղբայրներն էլ կատարյալ «հոգեկերներ» չեն, ամեն շաբաթ գրանցվում են արյունալի դեպքեր: Մտածե՞լ եք գոնե ձեզ արտոնություն չտալու պատճառների մասին:
-Ոչ մի բան էլ չեմ չափազանցնում: Ինչի՞ մասին պետք է մտածենք, եթե նույնիսկ չկա ցանկություն սրանց կողմից (կրկին ցույց տվեց հեռուստացույցը) ընդառաջ քայլեր կատարել: Մենք նրանց դիմել ենք, նույնիսկ խնդրել ենք մի քիչ գոնե մտածել մեր մասին...ու ոչ մի արդյունք: Ես հասկանում եմ իմ եղբայրներին, ովքեր գնում են սրանց դեմ: Ապրել բոլորն են ուզում:
-Դա ելք չէ,-միևույնը պնդեցի ես ու վերցրի արդեն պատրաստ սուրճի բաժակը: Շաքարավազի մասին մոռացել էի:
-Ելք է, ելք չէ` տարբերություն չկա: Փաստը մնում է փաստ` քեզ պես մոգերին լեգալացրել են, վիշապներին լեգալացրել են, նույնիսկ վհուկներին են լեգալացրել, իսկ մե՞նք, ուրեմն, ապրելու իրավունք չունե՞նք... Միայն էներգետիկ վամպիրություն, այն էլ այսպիսի պայմաններում: Ինչպես կարող ես ինչ-որ մեկից լիարժեք «հոգևոր» սնունդ վերցնել, երբ ողջ այդ «հոգևոր» արյունն արդեն վերցված է սրանց կողմից (ցույց տվեց հեռուստացույցը):
Ես նայեցի էկրանին: Խորհրդարայնի դահլիճն էր: Պատգամավորներից մեկը, նմանվելով դիրիժորի, ինքնամոռաց ելույթ էր ունենում ամբիոնից:
-Ահա այն,-ասաց վամպիրը,-վարպետությունը: Ու ամոթ չլինի հարցնել` ինչներին է պետք այդ արյունը, որ վերցնում են ժողովրդից: Ախր դրանով նրանք չեն սնվում, իսկ մեզ համար դա այնքան կարևոր է...
Ես բան չպատասխանեցի: Քաջիկն էլի լցրեց բաժակն ու նախապես հոտոտելով՝ դատարկեց այն:
-Ուխաաա՜յ,-ասաց նա` սրբելով բերանը,-այսպիսի նվերներ շուտ-շուտ արա... Չնայած, դու չես անի, դու հո վամպիր չես, դու մեզ չես հասկանա:
Այդ օրը ես վերադարձա տուն առանց գլխացավի, բայց գլխացավանքով: Այն անհուսությունը, որ տիրում էր Լուսնավազի սրտում, փոխանցվել էր ինձ:
Անցան մի քանի շաբաթներ: Մեր դասերն անց էին կացվում համեմատաբար «խաղաղ» պայմաններում և ուղեղի թաղանթը գերհոգնելու առիթ չէր ունենում: Ես էլ չէի ունենում առիթ իմ անհույս վամպիրին տեսնելու համար: Ու զարմանքից քիչ մնաց ապանյութականացվեի, երբ տեսա նրա դիմանկարը լիբերալ-դեմոկրատական թերթերից մեկի առաջին էջում`
«Քաջիկ Լուսնավազ: Ազատենք մարդկանց լրատվական ու քարոզչական վամպիրիզմից»: