16:32 , 12 մարտ, 2012
Պոռնիկ չաթլախը բոլորովին էլ պոռնիկ չէր: Առավել ևս՝ չաթլախ: Նա շատ շուտով հասկացավ մասսայի ուժն ու ուզեր, թե չուզեր՝ պիտի ենթարկվեր նրան: Չէր կամենում ենթարկվել միայն էշին, որովհետև էշ էր: Կատարյալ խոտակեր: Էշը արյունարբու մարդասպանի աչքեր ուներ ու անասնական հայացք, որի մեջ մարդկայինը տգույն մաս էր՝ բնազդների ճնշման ազդեցության տակ: Նա Անահիտից մեծ էր կլոր 12 տարի ու երբ նրան առաջին անգամ տեսել էր՝ ընկերուհիս ընդամենը 15 տարեկան էր: Սիրտն անթեղված Սքոթլանդի անշեջ սիրով: Նա մոտեցել էր թռվռան ու անհոգ ընկերուհուս, նայել աչքերի մեջն ու ասել, որ քնելու է հետը:
- Քո աղջիկությունը ինձ ես տալու,- հուզմունքից վետվետացող կրծքով ասել էր էշն ու խոսքի տերը եղել: Իսկ լսածից սարսափած մանուկ Անահիտը թունդ վախեցել էր էշից ու իրեն գցել Սքոթլանդի սիրազեղ գիրկը: Որտեղից դուրս էր հանել պատվասեր ազգականների ու մասսայի զորեղ ճնշումը:
Սքոթլանդը ախպարի ծնունդ էր ու պետք է գնար երազի երկիր: Մտքին դրել էր՝ Անահիտին էլ հետը տանել: Որը աղմուկ էր բարձրացրել ընկերուհուս հսկայական գերդաստանում:
- Բա մեր կեղտոտ ամաններն ով պիտի լվա,- վրա էր տվել հորեղբոր աղջիկ վհուկ Սվետը, որն ավելի շատ կախարդի էր նման քան վհուկի:
Անահիտը 10 տարեկանում հայտնվելով հորեղբոր տանը՝ դարձել էր աղախին յուր հորեղբոր աղջիկների և տան հյուրերի համար: Նա օրնիբուն մաքրում էր հորեղբոր տան ծակուծուկերը, լվանում 15 հոգանոց գերդաստանի կեղտոտած պնակների բլրակույտերն ու հարդարում կախարդ Սվետի մազերը: Կախարդ Սվետը փչացած ատամներ ուներ ու գռեհիկ շարժուձև: Նա օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ տռում էր ու պահանջում էր, որ բոլորը օդը հոտոտեն: Բարալիկ ու փխրուն Անահիտին դա դուր չէր գալիս, բայց նա լաց չէր լինում, որովհետև աննկուն կամք ուներ և սրտի լարերի խաղին հետևելու ցանկություն:
Հորեղբայրը դեմ էր եղել Սքոթլանդին, պատճառաբանելով, որ Ամերիկան հեռու է Հայաստանից, ու իրենք չեն կարող օգնել վերջինիս, եթե պարզվի, որ այդ Սքոթլանդը անպիտանի մեկն է, ինչի համար որ նրանք շատ մեծ հիմքեր ունեին: Հենց թեկուզ այն փաստից,որ վերջինս ախպարի լակոտ է: Այն տարիների հայրենադարձները Հայաստանում ոչ ադեկվատ էին ընկալվում և համարվում էին երկրորդ սորտի մարդ: Նրանց ու հայաստանցիների դիմագծերի միջև մեջ ակնհայտ տարբերություն կար, որը դուր չէր գալիս ազգականների քիմքին: Սքոթլանդը առնական կեցվածքով, գեղեցկադեմ ու խոստումնալից երիտասարդ էր: Ու ով գիտի, թե կախարդ Սվետը, հորեղբոր կինն ու հսկա գերդաստանի մնացած անդամները չէին նախանձել փխրուն բարակիրան Աանհիտի բախտին ու քար չէին գցել ճանապարհին: Կախարդ Սվետի մտքում, հավանաբար, չէր տեղավորվել միտքը, որ իրենց տան քոծը Ամերիկայում կարող է արքայադուստր դառնալ:
Շարունակությունն՝ այստեղ