14:33 , 12 մարտ, 2012
Կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա... Դե չկա ու չկա էդ անտեր ռոմանտիզմը. ի՞նչ ռոմանտիզմ նախընտրական Հայաստանում: Շուրջբոլորը ծաղրուծանակ, մաղձ ու մռունչ, նավս ու ուշունց... հանգերով ստացվեց, ինչ որ: Ըհը, հընթացս ռոքային տաղ էլ ծնվեց՝
Մաղձ ու թարախ, նավս ու ուշունց,
Չեմ կարող համբերե՜լ,
Նախընտրական կոչ ու մռունչ...
Զզվել եմ, զզվեե՜լլլլլ:
Էն էի ասում, բերեք մի ֆլեշ-մոբ անենք, մի անքֆուր, անհայհոյանք, անմուննաթ օր հայտարարենք ու էդ օրը գրենք մենակ դրական բաներ: Փակենք աչքներս ու պատկերացնենք, որ ս/թ մայիսին Հայաստանումընտրություններ չեն ակնկալվում, Երևանի գլխավոր ճարտարապետը մի ոչ փառասեր ու ճաշակով մարդ է, մեծամասնական ու համամասնական ցուցակներում ընդգրկվել են (հետմահու) Մահաթմա Գանդին, Ջոն Լեննոնը, Դիոգենեսը, ու էլի մի շարք խաղաղասեր հիպպիներ, Պրոսպեկտի ու Երևանի այլ այգիներում Պողոսյան պարտեզների մասնաճյուղերն են բացվել, Դոմինգոն տեղափոխել է Հայաստան ու անվճար համերգներ է տալիս բոլոր փոքրումեծ քաղաքներում, իսկ ամեն հինգշաբթի՝ կառավարությունում (հինգշաբթին սանիտարական օր է), Եվրոտեսիլի ժամանակ մոնղոլները հետներըոչխարի գրիպ են բերել, որն էլ բարեհաջող տարածվել է աջից հարևան երկրի ազգաբնակչության վրա (ընդ որում աջն ու ձախն էլ խառնելով, մի հատ էլ անցել է ձախիններին), հայկական սերիալների ռեժիսյորների մի կեսը լուծ է կպել ու տանից դուրս չի գալիս, էն մի կեսն էլ Ուիլյամ Հովհաննեսովիչ Շեքսպիրից էն կողմ հեղինակ չի ճանաչում, քաղաքապետարանի տեխնիկան ձյունը օդում է որսում, որ հանկարծ ասֆլատին չհասնի, «տրանսլիտ» բառն էլ ընկալվում է որպես վուլգար ուշունց, որտեղ «սլիտը» անհասկանալի ծագումով վերջածանց է:
Հը, պատկերացրի՞ք: Դե հիմի, առանց աչքները բացելու (հենց բացես, էդ ամենը գմփալեն հօդս է ցնդելու) ձեռները մեկնենք ստեղնաշարին ու թաչթայփով մի պոզիտիվ գիր գրենք, օրինակ էսպիսի. «Բարև կամրադություն, սիրում եմ բոլորիդ ու կյանքն էլ հրաշալի է»: