Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը հիանալի են մեկնարկել Մեն կղզու մրցաշարում


12:42 , 5 հոկտեմբեր, 2015

Անգլիայում գտնվող Մեն կղզու մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի ներկայացուցչական PokerStars Isle of Man International 2015 անվանումով միջազգային փառատոնը, որի գլխավոր՝ «մասթերս» մրցաշարին 27 երկրի 108 շախմատիստ է մասնակցում, այդ թվում 45 գրոսմայստեր, միջազգային՝ 23, ՖԻԴԵ-ի՝ 17 վարպետ: 
Ստուգատեսի մասնակիցիների շարքում 5 հայազգի շախմատիստ կա՝ տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան և ԱՄՆ-ի պատվիրակ, գրոսմայստեր Ջեմյս Թարյանը: Շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով ընթացող այս մրցաշարում հաղթողը կստանա 10 հազար, իսկ կանանց մեջ լավագույն արդյունք ունեցող շախմատիստուհին՝ 3 հազար ֆունտ ստերլինգ պարգևավճար: 
Ինչպես արդեն հայտնել էինք՝ 1-ին տուրում ստուգատեսի մասնակից հայազգի 5 շախմատիստներից 4-ը հաղթանակով էին մեկնարկել, ու միայն Համբարձումովան էր անհաջողության մատնվել:
Երեկ կայացած 2-րդ տուրում մեկնարկում ունեցած իրենց հաջողությունը կարողացան զարգացնել միայն Գաբիրել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, ովքեր սևերով պարտության մատնեցին համապատասխանաբար գրոսմայստերներ ամերիկահայ Ջեյմս Թարյանին ու հնդիկ շախմատիստ Դաս Նիլոթպալին:
Հայազգի մյուս 2 շախմատիստների մասնակցությամբ պարտիաներում այսպիսի արդյունքներ գրացվեցին՝
Հրանտ Մելքումյան-Ջուսթին Թան, Ավստրալիա՝ 0,5:0,5,
Կարինա Համբարձումովան-Օրի Կոբո, Իսրայել՝ 0:1: 
Այժմ Մովսիսյանն ու Սարգսյանը մրցաշարի 100 տոկոսանոց արդյունք ունեցող 13 առաջատարների թվում են։
Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում հայազգի շախմատիստները մրցելու են հետևյալ մրցակիցների հետ՝
Սարգսյան–Յուրի Կուզուբով, Ուկրաինա,
Մովսիսյան-Սաբինո Բունելլո, Իտալիա,
Վլադիմիր Խամիտևիչի, Մոլդովա-Մելքումյան,
Ալեքսանդր Վուլիեումիեր, Շվեյցարիա-Ջեմյս Թարյան,
Զաքի Հարարի, Անգլիա-Համբարձումովա:
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: