09:20 , 3 հոկտեմբեր, 2015IBF, WBC, WBA, IBO վարկածներով գերթեթև, թեթևագույն, 1-ին և 2-րդ թեթև քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի հռչակավոր բռնցքամատիկ Վախթանգ Դարչինյանն, ով պրոֆեսիոնալ ռինգում «կատաղի ցուլ» մականունն ունի, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կրկին ասպարեզ է վերադառնում: Այս անգամ նրա մրցակիցն է ոչ այնքան հայտնի թաիլանդցի բռնցքամարտիկ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը: Սա Դարչինյանի պրոֆեսիոնալ կարիերայում կլինի հոբելյանական՝ 50-րդ հանդիպումը:
Նրանց 10 ռաունդանոց մենամարտը կայանալու է Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում Ալեքսանդրիա բասկետբոլի մարզադաշտում:
Երևանի ժամանակով ժամը 11-ին սկսվող այս մենամարտի բացահայտ ֆավորիտը բուքմեյքերների գնահատականներով Դարչինյանն է, ում հաղթանակում նրանք չեն կասկածում: Այսպես, «կատաղի ցուլի» այս մարտում հաղթելու հավանականությունը ստացել է 1,01, նրա թաիլանդցի մրցակցինը՝ 13, իսկ ոչ-ոքին էլ՝ 20 գործակիցը:
Իր վերջին մենամարտը 39-ամյա Դարչինյանն անցկացրել է այս տարվա հունիսի 6-ին Կալիֆորնիայում (ԱՄՆ), երբ 12 ռաունդանոց մենամարտի 8-րդ ռաունդում նոկաուտով զիջեց մրցակցին՝ արգենտինացի Խեսուս Կուելարին:
Հիշեցնենք, որ ծննդով վանաձորցի, Սիդնեյի ամառային օլիմպիադայից հետո Ավստրալիայում բնակություն հաստատած Վախթանգը, ով 2000թ.–ին նոյմբերի 3-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգ մտավ ու Վիկ Դարչինյան անվանումով սկսեց իր հաղթարշավը: Նա մինչև 2007թ հուլիսի 7-ն անպարտել էր իր անցկացրած 28 մարտերում, սակայն այդ օրը 29-րդ մարտում իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը կրեց ֆիլիպինցի Նոնիտո Դոներից: 2009-ի սկզբներին մեր իշխանություններին հաջողվեց համոզել Վիկին կրկին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, գլխավոր հովանավորն էլ դարձավ «Տաշիրը»: Այժմ արդեն կրկին Հայաստանն է ներկայացող մեծանուն բռնցքամարտիկը, ով մի ժամանակ նաև աշխարհի բացարձակ չեմպիոն էր հռչակվել, քանի որ 3 վարկածներով չեմպիոնական գոտիներ էր նվաճել, պրոֆեսիոնալ ռինգում այսօր է անցկացնելու է իր կարիերայի հոբելյանական՝ 50-րդ մենամարտը: Դրանից 40-ում վանաձորցի նշանավոր բռնցքամարտիկը հաղթել է (այդ թվում 29-ը նոկաուտով), 8-ում պարտվել է մրցակիցներին (որից 4-ում նոկաուտով) և մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի: Իսկ ինչպիսի ավարտ կունենա հերթական՝ հոբելյանական 50-րդ մենամարտը, կիմանանք արդեն ասյօր:
Նկատենք, որ նրա թաիլանդցի մրցակիցը դեռ միայն 16 մարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որից 12-ում հաղթել է (7-ը նոկաուտով), իսկ 4-ում պարտվել, զիջել է մրցակիցներին (դրանցից 2-ը նոկաուտով):
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: