09:16 , 2 հոկտեմբեր, 2015
Հոկտեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը (Խանջյան փող. 50ա) կանցկացվի ավանդույթ դարձած «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» շախմատի միաժամանակյա խաղաշար անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:
Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները (Դանիայի արտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ):
Գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն կունենա Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 աշակերտ:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:
Միջոցառմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություններից, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Լևոն Արոնյանն արդեն 6-րդ տարին է` մասնակցում է նախաձեռնությանը՝ այդ կերպ միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածմանը:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: