19:25 , 1 հոկտեմբեր, 2015
Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտվեց 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունը, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41 երկրի 838 մարզիկ՝ 354 շախմատիստուհի, 484 շախմատիստ էր հանդես գալիս:
Հայաստանն այս անգամ ստուգատեսում ուներ 24 պատվիրակ՝ 16 շախմատիստ ու 8 շախմատիստուհի:
Եզրափակիչ՝ 9 տուրից առաջ մինչ այդ գերազանց ելույթ ունեցած հայազգի 6 շախմատիստ հավակնում էր Եվրոպայի չեմպիոնի կոչման: Ցավոք, նրանցից միայն մինչև 16 տարեկան աղջիկների խմբում ողջ մրցաշարի ընթացքում հիանալի հանդես եկած ու 6 հաղթանակ տոնած և 3 ոչ-ոքի խաղացած 15-ամյա Աննա-Մայա Ղազարյանին հաջողվեց հասնել իր նպատակին: Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակցուհին մրցաշարի մասնակից հայազգի ներկայացուցիչներից միակն էր, ում հաջողվեց հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Իսկ ահա Եվրոպայի չեմպիոնի կոչմանն հավակնող հայազգի մյուս շախմատիստների մասնակցությամբ 9-րդ տուրի հանդիպումներում այսպիսի արդյուքներ գրանցվեցին՝
Մ8՝ Լեոնիդ Լիսցով, Ռուսաստան-Ռոբերտ Փիլիպոսյան, Հայաստան՝ 1:0,
Մ10՝ Նադյա Տոնչևա,Բուլղարիա-Հասմիկ Քոչարյան,Հայաստան՝ 0,5:0,5,
Մ12՝ Միհայ Օգեան, Ռումինիա-Մամիկոն Ղարիբյան, Հայաստան՝ 1:0, Մ14՝ Սերգեյ Լոբանով, Ռուսաստան-Արամ Հակոբյան, Հայաստան՝ 1:0,
Մ16՝ Աննա–Մայա Ղազարյան, Հոլանդիա-Օլգա Միլնիկովա, Ռուսաստան՝ 0,5:0,5,
Մ18՝ Մանուել Պետրոսյան, Հայաստան-Տիտաս Ստրեմավիչուս, Լիտվա՝ 0,5:0,5:
Արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ ՀՀ 24 պատվիրակներից միայն երկուսին է հաջողվել դառնալ մրցանակակիր: Ավագ տարիքի պատանիների՝ Մ18 խմբում առաջնությունն առանց պարտության (4 հաղթանակ, 5 ոչ-ոքի) անցկացրած ու 6,5 միավոր վաստակած 17-ամյա ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն ու պարգևատրվեց արծաթե մեդալով: Թուրք շախմատիստ Ալի Մարանդիից միայն կես միավորով ետ մնացած արցախցի պատանին նաև 13,6 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Մ14 տարեկանների խմբում անցյալ տարի արծաթե մեդալ նվաճած ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանն, այս անգամ կես միավորով ետ մնալով իրեն անհատական վարկանիշով գերազանցող ռուսաստանցիներ՝ Սերգեյ Լոբանովից ու Անդրեյ Եսիպենկոյից և իր ակտիվում գրանցած 7 միավորով, ստիպված եղավ բավարարվել բրոնզե մեդալով: Արամը նաև իր ընթացիկ անհատական վարկանիշը բարելավեց 26 կետով:
Համեմատության համար նշենեք, որ, անցյալ տարի՝ 2014թ.-ին, Բաթումում ընթացած Եվրոպայի 24-րդ առաջնությունում գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը (Մ10 խմբում) նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Արամ Հակոբյանն (Մ14) ու Մարիամ Մկրտչյանն (Մ10) արժանացել էին արծաթե մեդալի:
Այս անգամ մեր պատվիրակներից ուժեղագույնների տասնյակում տեղեր զբաղեցրին նաև հետևյալ շախմատիստները՝
Մ8՝ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6,5 միավոր՝ 4-րդ տեղ, անհատական ընթացիկ վարկանիշը նվազեցրեց 20,4 կետով:
Մ10՝ Հասմիկ Քոչարյան՝ 6,5 միավոր՝ 5-րդ տեղ, անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 223,2 կետով,
Մ12՝ Մամիկոն Ղարիբյան՝ 6,5 մաիվոր՝ 6-րդ տեղ, անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 45,6 կետով,
Մ12՝ Մարիամ Մկրտչյան՝ 6,5միավոր՝ 8-րդ տեղ (կիսեց 4-8-րդ տեղերը), անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 68 կետով: