Հայտնի են ռուսական շաշկու կայծակնային խաղի Երևանի առաջնության մրցանակակիրները


09:18 , 1 հոկտեմբեր, 2015

Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ռուսական շաշկու կայծակնային (թռչող) խաղի Երևանի առաջնությունը: Այս մասին հայտնում են շաշկու ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: 
Կայծակնային շաշկին սովորականից տարբերվում է նրանով, որ այստեղ յուրաքանչյուր պարտիայի համար տրվում է 5-ական րոպե: Իսկ շաշկու այս տարատեսակը թռչող է կոչվում նրա համար, որ այս դեպքում խաղաքարերը հենց սկզբից ազատ համակարգով են տեղադրվում՝ սկզբնախաղից արդեն խառը դիրքով: 
Ստուգատեսին, որ անցկացում էր շաշկու և ռենձյուի ՀՀ ֆեդերացիաների նախագահ, այս մարզադպրոցի տնօրեն, ռենձյուի Եվրոպայի լավագույն վարպետներից մեկի, ռենձյուի գրոսմայստեր Ալբերտ Պողոսյանի անմիջական աջակցությամբ, մասնակցում էին հանրապետության ուժեղագույն և փորձառու 10 շաշկիստներ: 
Ի դեպ, մասնակիցների թվում էր նաև շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահը: Հավելենք նաև, որ շրջանաձև մրցակարգով ընթացած ստուգատեսում շաշկիստները միմյանց հետ հանդիպում էին երկուական անգամ՝ մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև խաղաքարերով: 
Լարված, աշխույժ ու հետաքրքիր մրցապայքարում ընթացած մրցավեճում 3 մասնակիցներ՝ ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի և Երևանի գործող չեմպիոն Նշան Ալավերդյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին չեմպիոն և բազմակի մրցանակակիրներ Սամվել Ազիբեկյանն ու Կամո Ղուկասյանը մրցելույթները ավարտեցին հավասար՝ 15-ական միավորով: Նրանք բաժանեցին 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկը լավագույն եռյակում գտնվողներից առավել բարեհաճ գտնվեց Ալավերդյանի ու Ազիբեկյանի հանդեպ, ովքեր 1-ին ու 2-րդը ճանաչվեցին: Սակայն չեմպիոնին որոշելու համար նրանց միջև անցկացվեց լրացուցիչ մրցամարտ: Այստեղ արդեն հաջողությունն ուղեկցեց առավել փորձառու Նշան Ալավերդյանին, ով 3,5:2,5 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու հռչակվեց շաշկու կայծակնային խաղի Երևանի չեմպիոն: 
Ուժեղագույնների եռյակը եզրափակեց Հայաստանի նախկին չեմպիոն՝ Կամո Ղուկասյանը:
Նշենք նաև որ մրցաշարի 10 մասնակիցներից 9-ը նախկինում Հայաստանի, Երևանի և տարբեր այլ մրցաշարերի մրցանակակիրներ էին: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: