IV–V դարերում շատ հայ երիտասարդներ, այդ թվում նաև Մեսրոպ Մաշտոցը, ուսանել են Ասորիքի քաղաքներում: Հայերի թիվը Սիրիայում մեծացել է հատկապես IX–XI դարերում՝ բյուզանդական կայսրերի կողմից Հյուսիսային Սիրիա զգալի թվով հայեր գաղթեցնելու, Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, իսկ հետագայում նաև Կիլիկյան Հայաստանի անկման հետևանքով: Հայերը բնակություն են հաստատել Դամասկոսում, Փայասում, Ալեքսանդրետում, Հալեպում: Անտիոքի կուսակալների մեծ մասը հայեր էին: Սիրիայի հայ առևտրականները լայն կապեր ունեին Եվրոպայի առևտրական կենտրոնների հետ: Հայ ոսկերիչների, ներկարարների, սադափագործների, մետաքսագործների և այլ արհեստավորների արտադրանքը մեծ պահանջարկ ուներ: Միջնադարում Սիրիայի հայ համայնքներում ծաղկում էր նաև մշակույթը: Կազմվել, ընդօրինակվել և նկարազարդվել են բազմաթիվ ավետարաններ, տաղարաններ և բժշկարաններ:
XVI դարում Սիրիայում թուրքական տիրապետության հաստատման հետևանքով հայ համայնքների համար ստեղծվեցին անբարենպաստ պայմաններ: XIX դարի 2-րդ կեսից թուրքական լծի դեմ սկսված պայքարին ակտիվորեն մասնակցել են նաև սիրիահայերը՝ 1916 թ-ին կազմավորված Արևելյան լեգեոնի շարքերում:
Հայերի զանգվածային գաղթ դեպի Սիրիա վերստին եղավ Մեծ եղեռնից հետո: Ժամանակակից սիրիահայ համայնքը ձևավորվել է 1920-ական թվականների սկզբին՝ Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած հայերով: Հայկական համայնքի ազգային, հոգևոր-մշակութային և հասարակական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը նպաստել է արաբական բնակչության բարյացակամ վերաբերմունքը:
Չնայած XX դարի կեսերից Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նկատվում է հայերի որոշակի արտահոսք դեպի եվրոպական երկրներ, այնուամենայնիվ, Սիրայում դեռ բնակվում է մոտ 65–70 հզ. հայ՝ հիմնականում Հալեպում, նաև Դամասկոսում, Հոմսում, Լաթաքիայում, Քեսաբում, Կամիշլիում, Թարթուսում, Դեյր էզ Զորում, Ռաս ուլ Այնում և այլուր: Նրանց մեծ մասն զբաղված է արդյունաբերության ոլորտում, մեծ թիվ են կազմում արհեստավորները, առևտրականները, կան գործարանատերեր, պետական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ: Զգալի է մտավորականության՝ ուսուցիչների, գրողների, բժիշկների, երաժիշտների, ճարտարապետների, ճարտարագետների դերը: Հայերն ունեն իրենց եկեղեցիները, ազգային վարժարանները, թերթերն ու ամսագրերը, տպարանները, երիտասարդական, մշակութային, բարեգործական, մարզական ընկերությունները, հայրենակցական միությունները, մշակութային օջախները:
Սիրիահայ մշակույթի կարևոր օջախներ են Սարյան ակադեմիան, «Պետրոս Ադամյան» թատերախումբը, «Հայ քնար», «Զվարթնոց» երգչախմբային ընկերությունները:
Սիրիայում Հայ առաքելական եկեղեցին ունի 2 թեմ՝ Բերիայի (Հալեպ) և Դամասկոսի: Գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Սուրբ Աստվածածին (Հալեպ), Սուրբ Սարգիս (Դամասկոս) եկեղեցիները: Կան նաև կաթողիկե (հայ կաթոլիկ պատրիարքական աթոռը գտնվում է Բեյրութում) և ավետարանական եկեղեցիներ: 1943-ից Ջեզիրեում գործում է հայոց առաջնորդական փոխանորդությունը: