15 ցնցող փաստ Coca Cola-ի մասին, որոնք քչերը գիտեն (Photo)


19:30 , 30 սեպտեմբեր, 2015

Այս ըմպելիքը վաճառվում է ամբողջ աշխարհում: Դժվար է գտնել մեկին, ով երբեք չի առնչվել այս ըմպելիքի հետ, եթե, իհարկե, խոսքը ջունգլիների խորքերում ապրող վայրի ցեղերի մասին չէ: Որոշ գիտահետազոտական ընկերությունների կարծիքով՝ մոլորակի բնակչության 94 տոկոսը ծանոթ է Coca-Cola-ին, սակայն այս ըմպելիքի նույնիսկ ամենամոլի երկրպագուները չգիտեն դրա բոլոր գաղտնիքները: Ձեզ ենք ներկայացնում 15 ուշագրավ փաստ Coca-Cola-ի մասին:

1. Անփոփոխ լոգոտիպ

Մինչ ընկերությունների մեծամասնությունը հսկայական գումարներ է հատկացնում իրենց հին լոգոտիպերը թարմացնելու կամ էլ նորերը ստեղծելու վրա, Coca-Cola ընկերությունը ոչ մի ցենտ չի ծախսել դրա վրա: Հայտնի տառատեսակով գրությունն ի հայտ է եկել 1886 թվականին՝ շնորհիվ հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնի: Այս մարդն աշխատում էր դեղագործ Ջոն Փեմբերթոնի մոտ, ով հանդիսանում է գազավորված ըմպելիքի ստեղծողը: Ռոբինսոնի ստեղծած լոգոտիպն օգտագործվում է առ այսօր:

Իր պատմության ողջ ընթացքում Coca-Cola-ն ոչ մի անգամ չի փոխել իր լոգոտիպը: Ընկերության դիզայներները միայն աննշան փոփոխություններ են մտցրել դրա մեջ, ինչը չի կարելի ասել Կոլայի գլխավոր մրցակցի՝ Pepsi ընկերության մասին, որը պարբերաբար փոխում է իր լոգոտիպն ու միլիոնավոր դոլարներ է ծախսել դրա վրա:

2. Ըմպելիք, որը հանգստացնում է նյարդերը

1886 թվականին Coca-Cola-ն առաջին անգամ հայտնվեց վաճառքում: Գազավորված ըմպելիքը ներկայացվում էր ոչ թե որպես զովացուցիչ ըմպելիք, այլ որպես «հանգստացնող միջոց»: Ջոն Փեմբերթոնը նաև պնդում էր, որ իր ստեղծած ըմպելիքը նաև բուժում է իմպոտենցիան: Ահա թե ինչ տեսք ուներ Կոլայի առաջին գովազդներից մեկը, որում կոչ է արվում մեկ կում անել, եթե հոգնել եք:

3. Կոկաին բաղադրության մեջ

Մինչև 1903 թվականը Coca-Cola-ի բաղադրության մեջ կոկաին էր մտնում: Ոմանք հակված են հավատալու, որ սա պարզապես միֆ է, սակայն կոկաինի տերևներ իրոք օգտագործվել են արտադրության մեջ, իսկ այն թվերին կոկաինը դեռևս արգելված չէր:

4. Աշխարհում խմվող ըմպելիքների 3%-ը Coca-Cola է

2014 թվականին ընկերության ղեկավարությունը զեկույց հրապարակեց, համաձայն որի՝ ընկերության պրոդուկցիան կազմում է ամեն տարի մոլորակում խմվող բոլոր ըմպելիքների (չհաշված ջուրը) 3 տոկոսը:

5. Որ երկրներում չես կարող Coca-Cola գտնել

Աշխարհում միայն երկու պետություն կա, որտեղ չես կարող գտնել այս ըմպելիքը՝ Կուբան և Հարավային Կորեան: Մինչև 2012 թվականը այս ցուցակի մեջ էր մտնում նաև Մյանման: Դեպի Կուբա արտահանումը դադարեց 1960-ականներին, մինչդեռ այն ժամանակ հենց Կուբան էր այս ըմպելիքի առաջատար սպառողներից մեկը: Դե իսկ Հյուսիսային Կորեայի խանութներում այն երբեք չի էլ եղել:

6. Որքան ժամանակ է պետք Coca-Cola-ի ողջ տեսականին փորձելու համար

Ընկերությունն արտադրում է տարատեսակ բազմաթիվ ըմպելիքներ: Եթե ամեն օր փորձեք նորը, ապա Ձեզանից 9 տարի կպահանջվի, որպեսզի համտեսեք ընկերության ողջ ասորտիմենտը: Այսօրվա դրությամբ ընկերության պորտֆոլիոյում ընդգրկված է 3500 ըմպելիք և 500 բրենդ: Լուսանկարում «Lift» խնձորային ըմպելիքն է, որը վաճառվում է Գերմանիայում:

7. Coca-Colа-ն և մինչև Լուսին ճանապարհը

Եթե պատմության ընթացքում արտադրված Կոլայի ողջ ծավալը լցնել 200 միլիգրամանոց տարաների մեջ ու դրանք շարել, ապա այն 2000 անգամ կգերազանցի Երկրից մինչև Լուսին ընկած տարածությունը:

8. Որքան է Coca-Colа բրենդի արժեքը

Այսօրվա դրությամբ Coca-Colа-ի շուկայական արժեքը մոտ 84 միլիարդ դոլար է կազմում: Դա ավելի շատ է, քան «KFC», «Subway», «Pepsi» և «Budweiser» ընկերությունների արժեքներն իրար գումարած:

9. Բառ, որ հասկանալի է բոլորին

Ընկերությունը պնդում է, որ «Կոկա-Կոլա» բառակապակցությունն ամենահասկացվողն է աշխարհում «Օքեյ» բառից հետո:

10. Որտեղ են ամենաշատը սիրում Կոլա

Շատերը հակված են համարելու, որ ամենից շատ Կոլա խմվում է ԱՄՆ-ում, սակայն դա այդպես չէ: Այս քաղցր գազավորված ըմպելիքի սպառման առումով առաջատար է Մեքսիկան: Միջին վիճակագրական մեքսիկացին տարեկան խմում է 745 բանկա Կոլա: ԱՄՆ-ի համանման ցուցանիշը կազմում է 400:

11. Կտրոնի կոնցեպցիան

Ընկերությունը համոզված է, որ հենց շնորհիվ իրենց է ծագել կտրոնի կոնցեպցիան: Խոսքն անվճար ապրանք ստանալու կտրոնների մասին է: Նման պնդումներ անելու հիմքեր ընկերությունն ունի: 1887թ. թողարկվեցին առաջին կտրոնները, որոնք կարելի էր փոխարինել մեկ բաժակ անվճար Կոլայի հետ, և դրանք այսպիսի տեսք ունեին:

Անվճար ըմպելիքի կտրոն սպառողները կարող էին ստանալ կտրոնը մի քանի եղանակով. դրանք կարելի էր պատվիրել փոստով կամ կտրել ամսագրերի միջից: Ընկերության ղեկավարության կարծիքով՝ հենց այս հնարքը հանգեցրեց ըմպելիքի ֆանտաստիկ պոպուլյարությանն ու տարածմանը և թույլ տվեց դուրս գալ միջազգային ասպարեզ:

12. Սանտա Կլաուսի ի հայտ գալը

Ձմեռ պապիկի արևմտյան կոլեգան իր ժամանակակից արտաքինի համար պարտական է Coca-Cola ընկերության դիզայներ Հեդդոն Սանդբոլին: Հենց նա է 1931 թվականին նկարել ուրախ ծերուկին՝ թավ մորուքով ու կարմիր կոստյումով: Երբ այս վառ ամանորյա պերսոնաժի նկարներով պաստառներ հայտնվեցին, Կոլայի ամանորյա արշավը մեծ թափ սկսեց հավաքել: Հետաքրքիր է, որ ամերիկացիների 90 տոկոսը վստահ է, որ Սանտա Կլաուսին հենց Coca-Cola-ն է հորինել:

13. Բոյկոտն ու Օլիմպիադան

1980 թվականին, երբ ԱՄՆ իշխանությունները որոշեցին բոյկոտել ԽՍՀՄ-ում անցկացվող Օլիմպիադան, ընկերությունը որոշեց չմիանալ այս ակցիային ու դարձավ սպորտային միջոցառման գործընկերներից մեկը: Հենց այս տարում ԽՍՀՄ բնակիչներն առաջին անգամ փորձեցին ամերիկյան այս ըմպելիքը:

14. Առաջինը տիեզերքում

1985 թվականին Coca-Cola-ն դարձավ առաջին ոչ ալկոհոլային ըմպելիքը, որը հայտնվեց տիեզերքում: Ըմպելիքի արտադրողները հատուկ տարա ստեղծեցին, որի վրա հենց տիեզերագնացների համար նախատեսված ձողիկ կար: Այս նոու-հաուն փորձարկվեց «Challenger» տիեզերանավի անձնակազմի կողմից, իսկ հետագայում հենց այսպիսի տեսքով Coca-Cola-ն բազմիցս մատակարարվեց «Միր» տիեզերակայանին:

15. Ըմպելիքի իդեալական ջերմաստիճանը

Հայտնի ըմպելիքի արտադրողները պնդում են, որ Կոլայի համար իդեալական ջերմաստիճանը 1,1-3,3 աստիճան Ցելսիուսն է:

Կա ևս մի հայտնի փաստ, որը, սակայն, չի հաստատվում ընկերության ղեկավարության կողմից, սակայն դրա հավաստիության մասին պնդում են Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանք վստահ են, որ բոլոր քաղցր գազավորված ըմպելիքները, այդ թվում նաև Կոլան, կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, որը համեմատելի է թմրանյութային կախվածության հետ: