Հայաստանի բադմինթոնիստուհիները մեկնարկում են Սոֆիայի միջազգային մրցաշարում


10:59 , 30 սեպտեմբեր, 2015

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մեր առաջատար բադիմինթոնիստուհիներից երկուսը՝ ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանն ու Մարիետա Նիկոյանը, հերթական անգամ հնարավորություն են ստացել բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի անդամ, բադմինթոնի եվրոպական միության գործադիր բյուրոյի անդամ, բադմինթոնի բալկանյան ասոցիացիայի և Բուլղարիայի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ֆեդերացիայի պատվավոր նախագահ Բյուզնադ Կասաբյանի հրավերով ու օժանդակությամբ մասնակցելու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվելիք 15 հազար դոլար մրցանակային հիմնադրամով, Babolat Bulgarian International 2015 ավանումով Challenge շարքի միջազգային մրցաշարին: Այստեղ նրանք հանդես են գալիս ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի ղեկավարությամբ:
Երեկ կայացավ վիճակահանությունը, իսկ այսօր արդեն կսկսվեն որակավորման փուլի հանդիպումները: Մենախաղում մեր երկու պատվիրակն էլ պայքարը սկսում են որսկավորման 1-ին շրջանից: 
Լիլիթ Պողոսյանն այսօր ուժերը կչափի բուլղարուհի Տանյա Պետկովայի հետ: 2-րդ շրջանում այս զույգի հաղթողը հանդիպելու է Հունաստանի ներկայացուցիչ Իրինի Թենտայի հետ: 
Մաիետա Նիկոյանի 1-ին շրջանի մրցակիցը հույն բադմինթոնիստուհի Ցիկա Պոլիվիան է: Այս զույգի հաղթողը 2-րդ շրջանում մրցելու է Արիստեա Ապոստոլիդու, Հունաստան-Ագնես Կորոշի, Հունգարիա զույգի հաղթողի հետ: 
Հավելենք, որ որակավորման փուլի 26 մասնակցիները պայքարում են հիմնական մրցաշարին մասնակցելու 8 ուղեգրերի համար: 
Զուգախաղում մեր բադմինթոնիստուհիներն ընդգրկված են ստուգատեսին մասնակցող 20 զույգերի շարքում, ու վիճակահանության արդյունքներով հիմնական մրցաշարում պայքարը սկսելու են միանգամից 1/8-րդ փուլից: Վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Պողոսյան-Նիկոյան երկյակը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմրցի Թուրքիան ներկայացնող Բայրաք Օզգե/Յիգիթ Նեսլիհան զույգի հետ: 
Մրցաշարն ընթանում է Սոֆիայի «Վասիլի Լևսկի» սպորտի ազգային ակադեմիայում: