09:19 , 29 սեպտեմբեր, 2015
Խորվաթիայի Պորեչ քաղաքում սեպտեմբերի 21-ին մեկնարկած 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունը, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41 երկրի 838 մարզիկ՝ 354 շախմատիստուհի, 484 շախմատիստ է հանդես գալիս, մոտենում է ավարտին:
Ինչպես հայտնել ենք՝ սովորականի նման ստուգատեսին ներկայացուցչական կազմով է մասնակցում Հայաստանը, որն այս անգամ 24 պատվիրակ ունի՝ 16 շախմատիստ ու 8 շախմատիստուհի:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Մեր պատվիրակներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը (Մ12), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ8), Արամ Հակոբյանը (Մ14), Մանուել Պետրոսյանը (Մ18) և վերջին տուրերում վստահ ելույթներով մրցաշարային գործերը զգալիորեն կարգավորած Հասմիկ Քոչինյանը (Մ10):
Իսկ ահա այստեղ հանդես եկող մեծաթիվ սփյուռքահայ շախմատիստների շարքում շարունակում է վերելքով ելույթ ունենալ ու Եվրոպայի չեմպիոնուհի դառնալու լուրջ հայտ է ներկայացրել Հոլանդիան ներկայացնող 15–ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա–Մայա Ղազարյանը: Նա այստեղ խաղացած 7 պարտիաներից 6-ում հաղթել է ու միայն մեկում՝ 3-րդ տուրում հունգարուհի Հուդիթ Էգյեդի հետ անցկացրած մրցամարտում կիսել է միավորը: Ղազարյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է իր տարիքային խմբի աղջիկների մրցաշարային աղյուսակը: Նա նաև արդեն 56 կետով բարելավել է իր ընթացիկ անհատական վարկանիշը:
Նույն կերպ չեմպիոնական գրաֆիկով է առաջ շարժվում նաև Մ12 տարեկան պատանիների խմբում ելույթ ունեցող 11-ամյա գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, ով 6 անընդմեջ հաղթանակներից հետո երեկ 7-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց Հունգարիան ներկայացնող Ալբերտ Թոմասի հետ: Մամիկոնն հիմա նույնպես 6,5 միավորով գլխավորում է Մ12 տարեկան պատանիների մրցաշարային աղյուսակը: Նա իր մերձակա 6 մրցակիցներին գերազանցում է արդեն 1–ական միավորով ու նաև 78,4 կետով բարելավել է իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Մ14 տարեկանների 2014թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արամ Հակոբյանը (Մ14) և նման ստուգատեսի առաջին անգամ մասնակցող Ռոբերտ Փիլիպոսյանն (Մ8) իրենց ակտիվում գրանցել են 6-ական միավոր ու իրենց տարիքային խմբերում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:
Մ10 տարեկան աղջիկների խմբում 73 մասնակիցների մեջ միայն 56-րդ վարկանիշն ունեցող Հասմիկ Քոչարյանը 1–ին տուրում հունգարուհի Լուչա Հեգեդուսից կրած պարտությունից հետո մնացած 6 պարտիաներում կարողացել է 5,5 միավոր վաստակել և այժմ 2-8-րդ տեղերը կիսողների խմբում է: Նա միայն կես միավորով է ետ մնում այս խմբի առաջատար ռուսաստանցի Գալինա Միրոնենկոյից, ում հետ այսօր, ի դեպ, 8-րդ տուրում սպիտակներով հանդիպելու է: Հասմիկն նաև արդեն 190 կետով բարեալվել է իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Մ18 տարեկան պատանիների խմբում առայժմ առանց պարտության է ընթանում 17-ամյա ստեփանակերտցի, միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, ով 3 անընդմեջ հաղթանակներից հետո հաջորդ 4 տուրերում 4 անընդմեջ ոչ-ոքի է խաղացել ու հիմա 5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Սակայն նա ևս իրական հույսեր է պահպանում և հավակնում է չեմպիոնի կոչման, քանի որ մրցաշարային աղյուսակը գլխավորող 3 շախմատիստներից ետ է մնում միայն կես միավորով:
Այսօր տեղի ունենալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն հավակնող հայազգի շախմատիստներին այսպիսի մրցակիցներ են բաժին հասել՝
Մ8՝ Ռոբերտ Փիլիպոսյան, Հայաստան - Բարտոշ Ֆիզեր, Լեհաստան,
Մ10՝ Հասմիկ Քոչարյան, Հայաստան – Գալինա Միրոնենկո, Ռուսաստան,
Մ12՝ Մամիկոն Ղարիբյան, Հայաստան –Կիրիլ Շուբին, Ռուսաստան,
Մ14՝ Արամ Հակոբյան, Հայաստան –Անդրեյ Եսիպենկո, Ռուսաստան,
Մ16՝ Մաի Նարվա, Էստոնիա- Աննա–Մայա Ղազարյան, Հոլանդիա,
Մ18՝ Մանուել Պետրոսյան, Հայաստան- Յոհան Սալոմոն, Նորվեգիա:
Շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով ընթացող մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան վաղը՝ սեպտեմբերի 30-ին՝ եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: